«Քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում անցումային արդարադատության իրականացմանը: Թե դա ինչ հետևանք կունենա տնտեսության վրա, առայժմ գնահատականներ չկան: Թեև փորձը ցույց է տալիս, որ անցումային արդարադատությունն ամենևին էլ համատեղելի չէ տնտեսության մեջ ներդրումների ներգրավման հետ: Նման իրավիճակներում ներդրողները խուսափում են ներդրումներ անելուց:

Սա լուրջ խնդիր է Հայաստանի տնտեսության համար: Ու դեռ մեծ հարց է՝ անցումային արդարադա­տությո՞ւնն է ավելի կարևոր, թե՞ ներդրումները: Ունի՞ այս հարցի պատասխանը քաղաքական իշ­խանությունը, թե ոչ, հայտնի չէ: Փաստն այն է, որ տնտեսությունը տուժում է ներդրումների պակասից: Օտարերկրյա կապիտալն անգամ իշխանափոխությունից մեկ տարի անց մոտ չի գալիս հռչակված տն­տեսական հեղափոխությանը:

Սա իրականում սկսել է ան­հանգստացնե՞լ ժամանակին Հա­յաստանի տնտեսությանը ներդրումային բում խոստացած Նիկոլ Փաշինյանին, թե նա հերթական անգամ փորձում է այդ գործոնը պատրվակ դարձնել իր քաղաքա­կան նպատակներին հասնելու հա­մար, դժվար է ասել: Մի բան ամեն դեպքում ակնհայտ է՝ այն, ինչ անում է քաղաքական իշխանու­թյունը, ամենևին էլ ներդրումների օգտին չէ: Զարմանալի է, որ այդքանից հետո վարչապետը Հայաս­տանի տնտեսության ամենամեծ մարտահրավերը համարում է օտարերկրյա ներդրումները:

«Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրում­ներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդ­րումների համար առավել գրավիչ դարձնելու համար»,- Հայաստանում հավատարմագրված դիվանա­գիտական կորպուսի ներկայացու­ցիչների հետ հանդիպման ժամա­նակ հայտարարեց վարչապետը:

Թե անցած մեկ տարում ինչ է արել քաղաքական իշխանությունը Հայաստանն արտաքին կապիտա­լի համար գրավիչ դարձնելու նպատակով, հայտնի իրողություն է. իշխանափոխությունից հետո տնտեսական հատվածի մասնա­կիցները, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալով ընկերությունները, մշտապես գտնվել են լարվածու­թյան մեջ: Ու եթե այսօր Հայաստա­նի տնտեսության ամենամեծ մար­տահրավերը ներդրումներն են, ապա անկումային արդարադա­տությունը չէ, որ պետք է փրկի իրավիճակը: Ներդրումների չլինե­լու պատճառները բոլորովին այլ տեղ են:

Վարչապետը դրանք պետք է փնտրի առաջին հերթին իր գործողությունների մեջ, որոնք թելադրված են ոչ այնքան տնտե­սական, որքան քաղաքական նպատակահարմարություններով: Իհարկե, դա էլ հասկանալի է. այ­սօր Նիկոլ Փաշինյանի վիճակը նախանձելի չէ: Նրա գլխավորած կառավարությանը չի հաջողվում ոչ մի ոլորտում բեկում մտցնել: Իշխանափոխությունից մեկ տարի հետո դժվար է նշել որևէ բնագա­վառ, որտեղ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել: 

Կիսատ-պռատ ինչ-ինչ քայլեր գուցե կատարվել են, բայց դրանց արդյունքները շատ հեռու են բավարար լինելուց: Այդպես էլ չեն իրականանում այն ակնկալիքները, որոնք կային մեկ տարի առաջ: Մարդիկ գնալով հի­սաթափվում են, ինչն էլ ստիպում է քաղաքական իշխանությանն անընդհատ լարվածության նոր օջախներ ստեղծել: Այդ ամենը եր­բեմն հասնում է ծայրահեղության՝ լուրջ սպառնալիքներ ստեղծելով անգամ ազգային անվտանգության համար: Ինչպես միշտ, խաղարկ­վում է նախորդ իշխանությունների նկատմամբ առկա ատելությունը: Իսկ թե դա ի՞նչ է տալիս հասարա­կությանը, դժվար չէ պատկերացնել: Իշխանափոխությունից հետո քաղաքացիներն իրական կյան­քում փոփոխություններ գրեթե չեն զգում: Փոխարենը՝ նրանք տես­նում են, թե ինչպես է հեղափոխու­թյան արդյունքները վայելում վարչապետի շրջապատը:

Այդ ամենը սկսել է հիասթափեց­նել մարդկանց, ովքեր ժամանակին պատրաստ էին ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանին վարչապետ կար­գելու համար: Ու դա զարմանալի չէր. հասարակության մի ստվար հատված նրա հետ էր կապում երկրի զարգացումն ու իրենց սոցիա­լական վիճակի բարելավումը: Թերևս այդ ակնկալիքով էլ հեղափոխության առաջնորդին կարգե­ցին վարչապետ, իսկ նրա գլխավո­րած քաղաքական թիմը շատ արագ վերցրեց գործադիր և օրենսդիր իշխանության լծակները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել