«Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումներին զուգահեռ՝ Արցախյան հարցի շուրջ նկատելիորեն զարգանում է, հասունանում է կամ, այսպես ասած, վերականգնվում՝ երկրորդ շնչառություն է ստանում հայտնի մի դիլեմա՝ կապված Հայաստան-Արցախ փոխհարաբերության հետ: Խոսքը Երևան-Ստեփանակերտ երկսուբյեկտ քաղաքականությո՞ւն, թե՞ միացում և մեկ Հայաստան պայմանական «դիլեմայի» մասին է: Այն հատկանշական է դառնում մի կողմից՝ Հայաստանի հետհեղափոխական ներկայիս փուլում, մյուս կողմից՝ Արցախում նախագահի ընտրությանն ընդառաջ:

Բանն այն է, որ Արցախում մի շարք կազմակերպություններ՝ քաղաքական ու հասարակական, «Միացում» կարգախոսի ներքո շարժում են ծավալում: Հայաստանից էլ հայտնի է «Սասնա ծռեր» կուսակցության մոտեցումը: «Կրակին յուղ լցրին» երկու ռուսաստանցիներ՝ ոչ անհայտ Մոդեստ Կոլերովը և Ստանիսլավ Տարասովը, որոնք օրերս մի համաժողովի առիթով ժամանելով Արցախ՝ Ստեփանակերտի պետհամալսարանում հանդիպում էին ունեցել և խոսել այն մասին, որ Արցախի հայությունը առանձնանում է մնացյալ հայությունից և պետք է ունենա իր պետականությունը՝ Ռուսաստանի պատրոնաժության ներքո:

Այս հայտարարությունները իրենց հերթին հետաքրքիր են մեկ այլ ֆոնին էլ՝ Արցախի նախագահի ընտրությանը մասնակցել ձգտող Սամվել Բաբայանի, որը շաբաթներ առաջ ներկայացնելով իր քաղաքական հայտը՝ նաև հայտարարեց Արցախյան հարցում ռուսական մանդատին հանձնելու մոտեցման մասին: Պատահակա՞ն է նմանությունը կոլերովտարասովյան դասախոսության և Սամվել Բաբայանի մոտեցման միջև, նաև նրա նախագահական հայտի, որ ներկայացնում է Արցախում:

Միաժամանակ Սամվել Բաբայանի գրասենյակը այսօր հայտարարություն է տարածել, որով Հայաստանի իշխանությանը փաստացի մեղադրում է իր արցախյան հայտին խոչընդոտելու համար՝ ասելով, թե սպաներին թույլ չեն տալիս ներգրավվել իր գործունեության շրջանակ և դա անում են Հայաստանի ՊՆ հրահանգով: Բաբայանի գրասենյակը հայտարարել է, որ ավելի լավ է Հայաստանի իշխանությունը բաց հայտարարի, թե ում է սատարում Արցախում:

Հայաստանի իշխանությունն այդ կապակցությամբ անդրադարձ արեց մի քանի օր առաջ՝ վարչապետի մակարդակով, դատաիրավական համակարգի վերաբերյալ հայտնի ելույթում։ «Ամփոփելով Արցախ-Հայաստան թեման՝ կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա ո՛չ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դրանից հետո նախանշված դիրքավորման մեջ հայտարարություններ արեցին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որոնք առաջադրվելու են նախագահի ընտրության համար որպես թեկնածու: Արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պայմանավորված էր զուտ ներքաղաքակա՞ն դասավորություններով, թե՞ նկատի էր առնվում նաև կոլերովտարասովյան «մոտեցումը»: Իսկ այդ մոտեցումը որքանո՞վ է արտահայտում Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը կամ մտադրությունը: Սրան զուգահեռ, «միացումը» կարո՞ղ է լինել Երևանի դիրքորոշում պատասխան: Եվ ի՞նչ քաղաքական-մարտավարական ճանապարհային քարտեզով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել