ԱՄՆ-ի հավայան Մաուի կղզում փրկարարերը հայտնաբերել են 17 օր անհետ կորած մի կնոջ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

35-ամյա Ամանդա Էլլերը անհետացել էր մայիսի 8-ին՝ Մակավաո արգելոցում հայքինգով զբաղվելու ժամանակ։ Իշխանությունները նրա մեքենան հայտնաբերել էին անտառի մոտակայքում։ Մեքենայում գտնվել էին նրա բջջային հեռախոսը, դրամապանակը և մեկ շիշ ջուր։

Կնոջ ծնողները դիմել էին փրկարարներին՝ նրան գտնելու համար։ Էլլերին գտնողին ծնողները խոստացել էին 10 հազար դոլար դրամական պարգև։ Ավելի ուշ այդ գումարը ավելացվել էր շուրջ 5 անգամ։ Ուրբաթ օրը՝ մայիսի 24-ին, կնոջը նկատել էին իր մեքենայից 6 կմ հեռավորության վրա։ Նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

17 օր անտառում գտնվելու ընթացքում կինը կոտրել էր ոտքը, վնասել էր ոտնաթաթերը և կորցրել էր իր կոշիկները։ Հիվանդանցում նա պատմել է, որ իրեն ծանոթ երթուղով ցանկացել է մի քիչ քայլել, սակայն կորցրել է արահետը և մոլորվել։

Էլլերը նշում է, որ իրեն թվացել է, թե ինքը մոտենում է իր մեքենային, սակայն արդյունքում ավելի է հեռացել դրանից։ Բարձրունքից ընկնելուց հետո նա կոտրել է իր ոտքը և այլևս չի կարողացել տեղաշարժվել և սնունդ հայթհայթել։ Գիշերները կինը ծածկվել է տերևներով և քնել ցեխի մեջ։ Այդ ընթացքում սովից չմահանալու համար նա կերել է ամեն ինչ՝ վայրի հատապտուղներ, անհայտ բույսեր և միջատներ, որոնք բարձրացել էին նրա վրա։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել