Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ընդունվել է Հիվանդությունների միջազգային դասակարգման 11-րդ հրատարակությունը (ICD-11): Այստեղ նոր հիվանդություն է ներառվել՝ «խաղային խանգարում»:

ԱՀԿ-ը խանգարումը նկարագրում է որպես մշտական կամ կրկնվող խաղային վարքի դրսևորում (օնլայն և անցանց), որի արդյունքում մարդը կորցնում է խաղային սովորությունների նկատմամբ վերահսկողությունը, նախապատվությունը տալիս է խաղերին՝ այլ հետաքրքրությունների և ամենօրյա ակտիվության փոխարեն, ինչպես նաև խաղային սովորությունները շարունակելը՝ չնայած բացասական հետևանքներին:

Մարդու մոտ խաղային խանգարում ախտորոշելու համար նման վարքագիծը պետք է բացասական ազդեցություն ունենա անձնական, ընտանեկան, սոցիալական, կրթական, աշխատանքային կամ կյանքի այլ կարևոր ոլորտներում և շարունակվի 12 ամիս:

ԱՀԿ-ն նաև հայտարարել է, որ «խաղային խանգարումը» ներառելու որոշումը «հիմնված է առկա փաստերի վրա և արտացոլում է տարբեր փորձագետների կարծիքը»:

Ընդունված փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2022 թ.-ի հունվարի 1-ին:

Միևնույն ժամանակ, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի, Հարավային Աֆրիկայի և Բրազիլիայի խաղային արդյունաբերության ասոցիացիայի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ԱՀԿ-ն պետք է «վերանայի» իր որոշումը «մոտ ապագայում»:

Հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը համակողմանի ուսումնասիրություն չի իրականացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել