Մայիսի 29-ին Բաքվում տեղի ունենալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Արսենալի» ֆուտբոլիստները հաջակցություն հայ ֆուտբոլիստի մտադիր էին յուրօրինակ ակցիա անցկացնել խաղից առաջ, սակայն ՈՒԵՖԱ-ն թույլ չի տվել:

Մասնավորապես, հանդիպման նախավարժանքի ժամանակ «Արսենալի» բոլոր խաղացողները մտադիր էին կրել Մխիթարյանի մարզաշապիկը: Լոնդոնյան թիմի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ներկայացուցիչները մերժել են իրականացնել այս ցանկությունը: Մասնավորապես, ՈՒԵՖԱ-ն այն կարծիքին է, որ Մխիթարյանի մարզաշապիկի առկայությունը խաղադաշտում կարող է մեծ զայրույթ առաջացնել ադրբեջանցի երկրպագուների շրջանում: Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ գրում են, որ «Արսենալի» ֆուտբոլիստները մտադիր էին լայնամասշտաբ սադրանքի գնալ, որը կանխարգելվել է ՈՒԵՖԱ-ի կողմից: Ֆուտբոլային կառույցը արգելել է նաև «Արսենալի» երկրպագուներին ակցիաներ անցկացնել Բաքվում և մասնավորապես մրցավեճի ժամանակ:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները մտադիր էին Եվրոպա լիգայի եզրափակչում հաջակցություն Մխիթարյանի բողոքի ակցիա անցկացնել, ինչը իրարանցում էր առաջացրել Ադրբեջանում: «Արսենալի» ամենահայտնի ֆանատներից մեկը՝ Canon Crested-ը, Բաքվում Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ չտալու դեմ բողոքի կոչ էր արել, պատրաստել էր Մխիթարյանի դեմքով դիմակներ, դրանք բաժանել մարզադաշտում գտնվող 6 հազար երկրպագուներին, իսկ խաղի 7-րդ ու 77-րդ րոպեներին այդ 6 հազար երկրպագուներին կոչ արել միաժամանակ ոտքի կանգնել: ՈՒԵՖԱ-ի որոշումը ակցիաներն արգելելու վերաբերյալ, բնականաբար, զայրույթի ալիք է բարձրացրել «Արսենալի» երկրպագուների շրջանում:

Ավելի վաղ խոսվում էր հանդիպումն ընդհանրապես բոյկոտելու մասին: Թիմի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք էին կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչը: Ինչպես նաև երկրպագուները սոցցանցերում օգտագործում են #BoycotBaku հեշթեգը: Անգլիական երկու ակումբների՝ «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուները վերադարձրել էին մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս: Ու հիմա «Արսենալի» ֆանատները ևս մեկ հարված են ստանում ՈՒԵՖԱ-ից:

«Տեղեկությունն այն մասին, որ հայ կիսապաշտպանը որոշել է բաց թողնել կարևոր հանդիպումը անվտանգության նկատառումներով՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության հետ, փակուղու մեջ է դրել «Արսենալի» երկրպագուներին, բրիտանական ԶԼՄ-ներին, քաղաքական գործիչներին և միջոցառման կազմակերպիչներին: Բայց արդյոք Արևմտյան Եվրոպան հասկանո՞ւմ է նրա որոշման պատճառը՝ բացի նրանից, որ այն կապված է Հարավային Կովկասում առկա լարվածության հետ»,- գրել է հեղինակավոր Independent պարբերականը:

«Համայնքների պալատում Թոմ Ուոթսոնն ու Ջերեմի Ռայթը հանգել են այն եզրակացության, որ խտրականությունը նրանց նկատմամբ, ովքեր հայկական անուններով ձգտում են մասնակցել եզրափակչին, բիծ է հիանալի խաղի հեղինակության վրա: Բայց բավական դատարկ հայտարարությունների հետևում թաքնված է կարևոր քաղաքական հարց՝ ի՞նչ անել Եվրոպայի և Ասիայի մեջտեղում առավել արմատացած էթնիկ հակամարտության հետ»,- գրված է հոդվածում:

Պարբերականն անդրադարձել է խորհրդային տարիներին հայերի և ադրբեջանցիների՝ իրար կողք կողքի ապրելուն, այնուհետև 1980-ական թվականների վերջերից սկսած խնդիրներին: Անդրադարձ է կատարվել Նախիջևանի խնդրին, Արցախյան պատերազմին, Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի ջարդերին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Ինչևէ, տեղի ունեցածը իսկապես ոչ միայն ստվեր է գցում կայանալիք եզրափակչի, այլև ՈՒԵՖԱ-ի և նրա հեղինակության վրա: Կարող ենք փաստել, որ «Չելսի»-«Արսենալ» հանդիպման մարզական կողմն արդեն իսկ երկրորդ պլան է մղվել: Եթե հանկարծ «Չելսին» նվաճի Եվրոպա լիգայի գավաթը, ապա վստահ ենք, որ «Արսենալի» միլիոնավոր երկրպագուներ պարտության մեջ կմեղադրեն ՈՒԵՖԱ-ին Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցում անմիջական մասնակցություն ունենալու համար: Հուսանք, որ Ունայ Էմերիի թիմին, այնուամենայնիվ, կհաջողվի Բաքվից Լոնդոն վերադառնալ Եվրոպա լիգայի գավաթով:

Նշենք, որ «Արսենալը» մրցավայր է մեկնել մայիսի 25-ին: Առաջիկա հանդիպմանը «Արսենալի» կազմում նախապատրաստվում են հետևյալ 24 ֆուտբոլիստները՝ Բերնդ Լենո, Պետր Չեխ, Ստեֆան Լիխտշտայներ, Էյնսլի Մեյթլանդ-Նայլս, Սոկրատիս, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլնենի, Շկոդրան Մուստաֆի, Մատեո Գենդուզի, Ալեքս Իվոբի, Կարլ Ջենկինսոն, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Ջո Վիլոք, Գրանիտ Ջակա, Դանի Ուելբեք, Բուկայո Սակա, Խավիեր Ամաեչի, Դեյան Իլիև, Լորան Կոսելնի, Մեսութ Օզիլ, Էդի Նկետիա, Ալեքսանդր Լակազեթ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել