Այսօր՝ մայիսի 27-ին, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում աշխատանքային կոլեկտիվը ժողով անցկացրեց, որի ժամանակ նրանք դեմ արտահայտվեցին Թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը:

Կառավարման խորհուրդը բաղկացած է 8 հոգուց, որի կազմում թատրոնն ունի երկու մասնակից, 4-ը մշակույթի նախարարությունից են, 2-ը՝ ստեղծագործական միություններից:

Մայիսի 22-ին միաձայն «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ էր ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Մի քանի ամիս առաջ հենց օպերայի աշխատակիցներն էին աշխատակազմից որպես խորհրդի 2 ներկայացուցիչներ ընտրել Պերճ Քարազյանին ու Սերգեյ Սաֆարյանին, իսկ այսօր նույն աշխատակազմը նրանց «դավաճան» էր անվանում:

«Իրենք Նազենի Ղարիբյանին ընտրել են կառավարման խորհրդի նախագահ, և օրենսդրություն չի պարտադրում, որ դա պետք է լինի նախարարը: Առաջարկում եմ հետ կանչել մեր երկու ներկայացուցիչներին, անել նոր ընտրություններ: Երկրորդ՝ ում որ առաջարկելու ենք, պետք է իմանա մեկ բան, առաջինը, որ նրանք անելու են կառավարման խորհրդում, պետք է բարձրացնեն կառավարման խորհրդի նախագահին անվստահություն հայտնելու հարցը»,- հայտարարեցին թատրոնի աշխատակիցները:

Դիրիժոր Հարություն Արզումանյանը նշում է, որ նախկինում կառավարման խորհրդի նախագահ է եղել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, և ներկայումս կրկին մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը ընտրվել է նույն պաշտոնում:

«Մեր բոլոր խնդիրները կառավարության խորհրդի միջոցով պետք է հասցվեն կառավարություն: Ես անձամբ չեմ պատկերացնում՝ ինչպես է Նազենի Ղարիբյանն աշխատելու թատրոնի հետ և ինչպես է իրեն պատկերացնում այդ պաշտոնին: Ես անձամբ չեմ պատկերացնում, որովհետև հայտնի է՝ ինչ դիրքորոշում ունի նա թատրոնի հանդեպ»,- ասաց դիրիժորը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն կառավարման խորհրդի անդամ Պերճ Քարազյանը Նազենի Ղարիբյանի օգտին քվեարկելը բացատրեց հետևյալ կերպ. «Խորհրդի նախագահը պետք է լիներ ամենաազդեցիկ մարդը, որը ամենօրյա շփում ունի կառավարության հետ: Եվ ամենաշուտ ձևով մեր թատրոնի խնդիրները հասցնի կառավարություն: Խորհրդի աշխատանքը միայն ու միայն լինելու է թատրոնի բարօրության համար»,- վստահեցրեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել