«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները ավտոերթով մեկնել են Արցախ: Կուսակցության ներկայացուցիչներն ակցիայի ընթացքում բարձրաձայնել են իրենց հիմնական կարգախոսը. «Արցախը Հայաստանն է և վերջ։ Արցախը Հայաստանի մարզ է, միացեք ավտոերթին»: Անմտություն է կարծել, որ Հայաստանում ու Արցախում որպես վերջնանպատակ չեն դիտարկում ինչ-որ փուլում Հայաստանի և Արցախի միացումը, սակայն գոյություն ունի բանակցային գործընթաց, որը գնում է Արցախի ճանաչման ուղղությամբ:

Եթե ի սկզբանե խնդիր դրվեր Արցախի միացումը Հայաստանին, ապա խնդիրը տարածքային վեճի տեսք կստանար, ինչպես որ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ՝ նպատակ հետապնդելով Արցախյան հիմնահարցը ներկայացնել որպես Ադրբեջանի և Հայաստանի տարածքային կոնֆլիկտ և այդ հիմքի վրա ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ:

Արցախի միջազգային ճանաչման գործընթացն իր հանգրվանին հասցնելուց հետո, իհարկե, Արցախի միացումը Հայաստանի հետ այլընտրանք չունի: Դրա համար նախ և առաջ Արցախը պետք է անմիջականորեն ներգրավվի բանակցային պրոցեսում, ապա միջազգային հանրության և Ադրբեջանի կողմից դե յուրե ճանաչվի որպես անկախ պետություն, որից հետո նոր կարելի է սկսել գործընթաց Արցախը Հայաստանին միավորելու ուղղությամբ: Իսկ ներկա փուլում փորձել ցույց տալ, թե Արցախը Հայաստանի մաս է, նշանակում է դիմել պրովոկացիայի, որի վերջնարդյունքը կլինի պատերազմը, երբ Ադրբեջանը կստանա իր համար փափագելի հիմնավորումը ռազմական գործողություններ սկսելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել