Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Խաստուր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 39-ամյա Ազիզ Սլոյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի E 080 YH 177 RUS համարանիշի և 64-այա Սամվել Ղուկասյանի վարած Mercedes մակնիշի 35 NF 042 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել բնակչին պատկանող հողատարածքի երկաթե ցանկապատը և հայտնվել հողամասի տարածքում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Արմավիրի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի փրկարարական ջոկատը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել, ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել