Երիկամների խրոնիկական հիվանդության ամենատարածված պատճառներից մեկը շոգ պայմաններում ծանր ֆիզիկական աշխատանքն է։ Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի համալսարանի գիտնականները։

Մասնագետները նշում են, որ 1990-ական թվականներին հիվանդության զոհ են դարձել Կենտրոնական Ամերիկայի այն երկրների բնակիչները, ովքեր աշխատել են շաքարեղեգի պլանտացիաներում։ 2012 թվականին Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում և Կոլորադոյում երիկամների խրոնիկական հիվանդությունից մահացել են շուրջ 20 հազար մարդ։

Հետազոտության համահեղինակներից բժիշկ Լի Նյումանը նշել է, որ այս հիվանդության պատճառը դիաբետը կամ արյան բարձր ճնշում չեն։ Ըստ նրա՝ այս համաճարակի տարածման մեջ մեծ ներդրում ունի կլիմայի փոփոխությունը։

Երիկամների խրոնիկական հիվանդության զարգացման երկրորդ պատճառը, ըստ մասնագետների, տոքսինների հետ աշխատանքն է։

Երրորդ պատճառն ինֆեկցիոն հիվանդություններն են, որոնք կարող են վնասել երիկամները։ Այդ հիվանդություններից են հանտավիրուսը և դեղնախտը։ Առաջին դեպքում մարդը կարող է վարակվել տզի խայթոցից կամ վարակված մթերք օգտագործելուց։

Երկրորդ հիվանդությամբ մարդը կարող է վարակվել կեղտոտ ջրում լողալու ժամանակ։ Երիկամների խրոնիկական հիվանդությունը նվազեցնում է երիկամային ֆունկցիաների ազդեցությունը, որի պատճառով երիկամները չեն կարողանում դուրս հանել հեղուկը և թունավոր նյութերը։

Արդյունքում խախտվում է օրգանիզմի աշխատանքի հավասարակշռությունը, մարդու մոտ առաջանում է բարձր ճնշում, ինչպես նաև խնդիրներ ոսկորների և սիրտ-անոթային համակարգի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել