Pastinfo.am-ը գրում է.

«Պետք է լինի վեթթինգի անկախ հանձնաժողով, որն ինքնին պետք է անցնի վեթթինգ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը. «Հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն պրոֆեսիոնալ իրավաբաններ, եւ այն պետք է հիմնված լինի բազմաթիվ սկզբունքների վրա. առաջինը թափանցիկությունն է. ողջ գործընթացը պետք է թափանցիկ լինի, երկրորդը մասնակցությունն է, բոլոր քաղաքական ուժերը, որ ներգրավված են ԱԺ-ում, պետք է մասնակցեն այդ գործընթացին, պետք է մասնակցեն նաեւ արտախորհրդարանական ուժերը եւ քաղհասարակությունը, այդ թվում եւ՝ լրատվամիջոցները , եւ այն պետք է անվերջ լուսաբանվի»,-ասաց նա։

Խոսելով անցումային արդարադատության գործիքակազմի շրջանակի մասին, Բաղդասարյանը նշեց, որ այն պետք է որոշվի լայն շրջանակների կողմից. «Այսինքն՝ պառլամենտական բոլոր երեք ուժերը պետք է գան համաձայնության, որ տվյալ  գործիքակազմի միջոցով է հնարավոր իրականացնել անցումային արդարադատությունը, իսկ այսօր, ես կարծում եմ, կա այդ հնարավորությունը, որ մենք համաձայնության գանք, դիտարկենք վեթթինգը՝ որպես զտում, դիտարկենք, որ միջազգային կառույցները պետք է իրականացնեն դիտորդական գործունեություն»։

Նիկոլայ Բաղդասարյանն առանձնացրեց վեթթինֆի երեք գործիքակազմ. «Դա գույքի հաշվետվության, կապերի վերաբերյալ վեթթինգն է եւ  բովանդակային վեթթինգը՝ այսինքն՝ նախկինում կայացրած դատական ակտերը, որ անցել են ՄԻԵԴ-ով եւ ստացել են բացասական գնահատական, եւ դա դատավորների կոմպետենտության ստուգումն է»։

Այս բոլոր հարցրերի վերաբերյալ խորհրդարանական ուժերի համաձայնությունը, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, կա. «Ես կարծում եմ, որ այդ գործընթացը պետք է արվի միասնական, եւ մեր բոլորիս պարտքն է, որ անցումային արդարադատությունը իրականացվի բարձր որակով, եւ բոլորիս պարտքն է ունենալ լավ դատական իշխանություն»։

Պատասխանելով «Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչ ժամկետներ կպահանջվեն վեթթինգի իրագործման համար, պատգամավորը նշեց. «As soon as possible»։

Նրա խոսքով՝ վեթթինգի իրագործման գաղափարն առաջացել էր դեռեւս վարչապետի 100-օրյա հաշվետվության ժամանակահատվածում. «Ուղղակի ոչ պետք էր շտապել, ոչ պետք էր հապաղել, ինչպես Արարատ Միրզոյանն ասաց։  Շտապողականության դրսեւորումը կարող էր հանգեցնել սխալ որոշումների կայացմանը, իսկ հապաղումը կարող է այդ որոշումների անարդյունավետությանը բերի»,-նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել