Յուրաքանչյուր մարդ ունի իր տարօրինակությունները․ ոմանք բարձրաձայն մենախոսում են, մյուսները անդադար նայում են միևնույն կետին, իսկ ոմանք էլ տանել չեն կարողանում անգամ փոքրիկ սուտը։ Գիտնականները նշում են, որ սա մարդկանց բնական վարքն է, և պետք չէ դիմել հոգեբանի։ Այս և մի շարք այլ տարածված արարքների պատճառների մասին կարող եք կարդալ այստեղ։

Իրավիճակի դրամայականացում

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց 60%-ը խոսակցության առաջին 10 րոպեի ընթացքում հասցնում է մոտ 3 անգամ չափազանցնել պատմությունը։ Ստացվում է, որ այս վարքը շատերի ամենօրյա կյանքի մի մասն է, և պատճառը թաքնված է էվոլյուցիայի մեջ․ երբ մարդը պատմելու ժամանակ չի ստանում սպասված արձագանք, սկսում է փոխել մանրուքներն այնքան ժամանակ, մինչև փոխվի զրուցակցի արձագանքը։ Գլխավոր նպատակը՝ հասնել էմոցիաները կիսելու փուլին, քանի որ այս կերպ կապ է հաստատվում զրուցակիցների միջև։

Ճչալու ցանկություն

Բարոյական հոգնածությանն օրգանիզմներն արձագանքում են տարբեր ձև․ ոմանք լացում են, ոմանք ամբողջ օրը քնում են, իսկ ոմանց մոտ էլ ճչալու ցանկություն է առաջանում։ Հոգեբանության մեջ ճչալու թերապիան առաջինն օգտագործել է հոգեթերապևտ Արթուր Յանովը։ Նրա հաճախորդներից էին այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ջոն Լենոնը, Յոկո Օնոն, Սթիվ Ջոբսը։ Սակայն էմոցիաներին ազատություն տալ կարելի է ոչ միայն մասնագետների մոտ, այլ նաև ատրակցիոնների կամ սպորտային հանդիպումների ժամանակ։

Մենախոսություն

Բոլոր մարդիկ էլ բարձրաձայն մենախոսում են, և դա օգտակար սովորություն է, որն օգնում է անհատին զարգանալ։ Գիտնականները հայտնաբերել են, որ առաջադրանքների բարձրաձայնումը հեշտացնում է դրանց իրագործումը: Օրինակ՝ սպորտսմեններն այս կերպ մեծացնում են իրենց կենտրոնացվածությունը։ Սակայն մասնագետները զգուշացնում են, որ պետք է խուսափել բացասական խոսակցություններից, քանի որ դրանք բացասաբար են ազդում արդյունքների և ինքնագնահատականի վրա։

Բարձրաձայն մենախոսությունը հոգեկան խանգարման նախանշան է համարվում այն ժամանակ, երբ ուղեկցվում է տեսիլքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել