168.am-ը գրում է.

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ այսուհետև Երևանի մնջախաղի պետական թատրոնը կունենա նոր շենք։

Մայիսի 15-ին քաղաքապետարանում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել էր Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանին, որի պատը հունվարին փլուզվել էր:

Գլխավոր ճարտարապետը տեղեկացրել էր, որ հուշարձանի վերականգնման նախագիծը, որը ներկայացվել է իտալացի մասնագետի կողմից, արժանացել է քաղաքապետարանի դրական եզրակացությանը. «Այդ նախագիծը հետո գնաց կառուցապատողի մոտ, որն այն ուսումնասիրելուց հետո պետք է սկսեր այդ կառույցի վերանորոգումը։ Մինչև այսօր ոչինչ չի արվել, մենք այժմ այդ կառույցի նկատմամբ որևէ պատասխանատվություն չունենք։

Ես չեմ հասկանում, թե այնտեղ ինչ է կատարվում, 200 հազարի ինչ-որ ծրագիր էին մշակել պատն ամրացնելու համար, ո՞ւր է այդ գումարը, ո՞վ պետք է տա, ախր թեմաներ են պտտվում, որոնք մեր իրավասություններից դուրս են։ 100 տոկոսով Մշակույթի նախարարության գնդակն իրենց դաշտում է՝ և՛ կառուցապատողի, և՛ սեփականատիրոջ։ Եթե այսօր Մշակույթի նախարարությունն իր ֆունկցիան ավարտել է, ուրեմն կառուցապատողը սեփականատիրոջ հետ պետք է այդ հարցերը լուծեր։ Երբ Արամի 23-ի հետ կապված ինձ հարց եք տալիս, ի՞նչ պետք է պատասխանեմ»։

168.am-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանից հետաքրքրվեց, եթե հուշարձանի վերականգնման նախագիծն արժանացել է քաղաքապետարանի դրական եզրակացությանը, ապա մինչև այժմ ինչո՞ւ կառուցապատողի հետ աշխատանքներ չեն իրականացրել։

«Երևի Երևանի գլխավոր ճարտարապետը չգիտի՝ ինչից հետո, ինչ պետք է արվի, հակառակ դեպքում՝ նման հայտարարություն չէր անի։ Երբ քաղաքապետարանն ինչ-որ նախագիծ է հաստատում, կամ, ինչպես Արթուր Մեսչյանն էր ասում՝ նախագծի էսքիզ, ապա նա պարտավոր է հաստատածը վերադարձնել նախագծողներին՝ ասելով, որ հաստատում է, և թույլատրի շինաշխատանքներ իրականացնել։ Նման հաստատում մենք չենք ստացել, հաստատելու դեպքում գրավոր հաստատում են տալիս, բայց այդ ամենի մասին, ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչները, այնպես էլ մենք՝ իմացանք Արթուր Մեսչյանի ասուլիսի ժամանակ։ Նախագիծը հանձնվել է մոտավորապես երկու ամիս առաջ, բայց այս ընթացքում մենք որևէ բան չենք ստացել»,- նշեց Տիգրան Հեքեքյանը։

Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի մատնանշած գումարին, Տիգրան Հեքեքյանն ասաց, որ նման թիվ գոյություն չունի, երկու տիպի նախագիծ են ներկայացրել, որոնցից մեկը մի քիչ ավելի շատ գումար է պահանջում, մյուսը՝ քիչ, իսկ թե ո՞վ պետք է այդ գումարը վճարի և որտեղի՞ց, այլ հարց է։

Նա նաև հավելեց, որ դիմել է փոխքաղաքապետին՝ խնդրելով, որ՝ եթե նախագիծը քաղաքապետարանի կողմից հաստատվել է, ապա պատասխանն իրենց պաշտոնապես ուղարկեն։

«Ամեն ինչ կա՛մ գտնվում է ոչ մասնագիտական, կա՛մ ընդամենը խոսակցությունների դաշտում։ Ասում են՝ այդ փաթեթն ուղարկել են Կառավարություն, լավ են արել, որ ուղարկել են, ուզում են՝ Սպիտակ տուն, Եվրամիություն կամ այլ տեղ ուղարկեն, բայց մենք պետք է ստանանք նախագծի հաստատման պատասխանը։ Կառավարությանը մեկ ամիս առաջ նամակ ենք գրել, բայց պատասխան չկա։ Անորոշության մեջ ապրում ենք, որևէ տեղից չենք կարողանում պատասխան ստանալ, երևի սպասում են, որ շենքը քանդվի՝ պրծնենք։ Իտալացիներն այդ նախագիծը տալուց նամակում գրել են, որ այն արել են այսօրվա հաշվարկներով ու չափորոշիչներով։ Հնարավոր է՝ մի քիչ էլ սպասեն, շենքն ավելի քայքայվի, և այդ նախագիծը դառնա անպետքական»,- ընդգծեց Տ. Հեքեքյանը։

Այս պահին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մի մասը մի տեղում է, գրասենյակը՝ այլ տեղում: «Այս ամբողջական ընտանիքը ոնց որ հատուկ քայքայեն, ինչը հետագայում ունենալու է իր հետևանքները»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշը, նա այդ տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի և հյուրանոց է կառուցում։ Այդ հասցեում 1995 թվականից իր գործունեությունն է ծավալել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որը, վթարային դառնալուց հետո, դուրս է եկել այդ տարածքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել