Հնդկաստանը մայիսին լիովին դադարեցրել է նավթահումքի ներմուծումը Իրանից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց երկարացնել Իսլամական Հանրապետությունից էներգակիրների մատակարարման հետ կապված պատժամիջոցների՝ իր համար արված բացառությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Միացյալ Նահանգներում Հնդկաստանի դեսպան Խարշ Վարդհան Շրինգլան:

Դիվանագետի խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ իր երկիրն Իրանից ներմուծվող նավթի ամենամսյա ծավալը նվազեցրել էր մինչև 1 մլն տոննա: «Դրանով վերջ, մենք այլևս նավթ չենք գնել Իրանից»,- ասել է Շրինգլան, որի խոսքը մեջբերում է PTI գործակալությունը:

Նա նշել է, որ Նյու Դելիում ուշադրության են առել ամերիկյան վարչակազմի մտահոգությունը մինչև ընթացիկ ամսվա վերջը իրանական նավթի շարունակվող մատակարարումների կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նշել է դիվանագետը, Իրանից դրա ներմուծումը դադարեցնելու որոշումը «Հնդկաստանի համար բարձր գին ուներ, քանի որ երկրի առջև ծառացավ իր համար էներգիայի այլընտրական աղբյուրներ գտնելու անհրաժեշտությունը»: Ինչպես հիշեցնում է գործակալությունը, իրանական նավթը բավարարում էր հարավասիական այս երկրի էներգետիկական կարիքների մոտավորապես 10 տոկոսը: Հնդկաստանին «սև ոսկու» խոշորագույն մատակարարների թվում են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը և Սաուդյան Արաբիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել