Ճապոնիայում հատկապես բարդ հրդեհները կմարեն ռոբոտները: Երկրում ռոբոտ-հրշեջների առանձին ջոկատ են ստեղծել, որը կներգրավվի այն ժամանակ, երբ մարդկանց մասնակցությունը շատ վտանգավոր կլինի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի հրշեջ վարչությունը:

Ջոկատում նաև անօդաչու սարք կա, որը հրդեհի մասին տեղեկատվություն է հաղորդելու, մանիպուլյատոր-ձեռքերով և բուլդոզերի շերեփով ռոբոտ՝ փլատակների ապամոնտաժման համար, ինչպես նաև ջրցան մեքենաներ: Այս սարքավորումները հրդեհի վայր հնարավոր է հասցնել մեկ մեքենայի միջոցով: Ջոկատում չորս շարժական միավորներ են ընդգրկվել:

Ռոբոտների ջոկատը կայանված է Տոկիոյից ոչ հեռու գտնվող Իթիհարա քաղաքում, որտեղ մեծ թվով նավթային պահեստարաններ, նավթավերամշակման գործարաններ և հեղուկ գազի տերմինալներ կան:

Ճապոնացի փորձագետները կարծում են, որ ժամանակի ընթացքում մասնագիտությունների կեսը, որով հիմա զբաղվում են մարդիկ, հնարավոր կլինի վստահել արհեստական բանականությանը: Դրանցից մեկը կարող է լինել փոստատարը: Երկրում արդեն փորձարկում են ինքնակառավարվող փոստատար-ավտոմեքենա, որը կարողանում է նամակներ և ծանրոցներ ստանալ և առաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել