168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 7-ին իր առաջիկա պաշտոնաթողության մասին հայտարարելիս չկարողացավ զսպել արցունքները: Համապատասխան տեսանյութը հրապարակել է CNN-ը:

Մեյը հիշեցրել է, որ չկարողացավ աջակցություն ապահովել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին: «Ցավոք, ես չկարողացա դա անել: Ես փորձեցի երեք անգամ»,-նշել է նա:

Մեյը հուզականորեն է ավարտել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը թողնելու մտադրության վերաբերյալ ելույթը: Ելույթի ավարտին նրա ձայնը խզվել է, նա ընդգծել է, որ ինքը դարձավ ընդամենը երկրորդ կինն այդ պաշտոնում Մարգարեթ Թեթչերից հետո, «բայց, իհարկե, ոչ վերջինը»:

«Ես շատ շնորհակալ եմ այն բանի համար, որ հնարավորություն ունեցա ծառայել երկրին, որը սիրում եմ»,-ասել է նա: Դրանից հետո Մեյը կտրուկ շրջվել է ամբիոնից եւ Դաունինգ-սթրիթ-10-ի դռնից ներս մտել: Հունիսի 7-ին պաշտոնից հեռանալը թույլ է տալիս Մեյին որպես լիարժեք վարչապետ ընդունել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որը հունիսի սկզբին Մեծ Բրիտանիա է ժամանելու պետական այցով:

Նոր ղեկավարի ընտրությունների գործընթացը կսկսվի հունիսի 7-ից հետո, թեեւ այս պահին հիմնական թեկնածուն՝ արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու պլանների մասին: Այդ հնարավորությունը դիտարկում Է նաեւ Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմը:

Հնարավոր թեկնածուների թվում նշվում են նաեւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթը եւ ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: Այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել նոր ղեկավարը, իսկ այդ գործընթացը սովորաբար տեւում է վեց շաբաթ, Թերեզա Մեյը կմնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել