Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Պահպանողականների կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու մասին, ինչը տեղի կունենա հունիսի 7-ին։

Վարչապետին նման հայտարարության են դրդել կուսակիցները՝ ներառյալ նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Մեյի կողմից «Բրեքզիթ»-ի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գործարքի ընթացքից:

Սա նշանակում է, որ Մեյը պետք է լքի  նաև երկրի վարչապետի պաշտոնը, սակայն կհասցնի այդ պաշտոնում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփին, որը հունիսի սկզբին պետական այցով Մեծ Բրիտանիա կմեկնի:

Կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը պաշտոնապես կսկսվի հունիսի 7-ին: Ներկայում այդ պաշտոնի հիմնական հավակնորդը երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է: Վերջինս արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջարդելու մասին: Առաջադրվելու հնարավորությունը դիտարկում են նաև Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը, արտգործնախարար Ջերեմի Հանթը և ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: 

Մինչ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը, ինչը սովորաբար շուրջ 6 շաբաթ է տևում, Մեյը, ամենայն հավանականությամբ, կստանձնի երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել