Հին Հռոմի պատմությունը պատված է մի շարք առասպելներով և ռոմանտիկ պատմություններով։ Այս անտիկ քաղաքակրթության մասին ստեղծում են վեպեր և պիեսներ, նկարահանում են ֆիլմեր։ Ստեղծագործություններն, իհարկե, զերծ չեն մնում հորինվածքներից, այդ պատճառով զարմանալի չէ, որ այդ անտիկ պետության մասին մեր պատկերացումները խիստ տարբեր են իրականությունից։ Եթե դուք նույնպես վստահ եք եղել, որ կայսեր «լայքը» փրկել է գլադիատորների կյանքը, ապա դուք պետք է կարդաք այս նյութը։

Մահվանից առաջ Կեսարը գոչել է. «Եվ դո՞ւ, Բրուտոս»

Իրականում այս արտահայտությունը Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» պիեսից է։ Պատմաբանները կարծում են, որ Կեսարը կա՛մ մահացել է լուռ, կա՛մ գոչել. «Եվ դո՞ւ, զավակս»։

Հետաքրքիր է այս արտահայտության մեկնաբանությունը։ «Եվ դո՞ւ, Բրուտոս»-ն ընկալվում է որպես հարազատ ընկերոջ կողմից դավաճանվածի բացականչություն։ Նա չի կարողանում հավատալ այս դավաճանությանը։ Սակայն գոյություն ունի կարծիք, որ արտահայտությունը նշանակում է սպառնալիք և անեծք։ Կեսարը կարող էր նկատի ունենալ հունական հետևյալ ասացվածքը՝ «Եվ դու, զավակս, կզգաս իշխանության համը»՝ նկատի ունենալով, որ իրեն էլ են սպանելու, հաջորդն ինքն է։

Գլադիատորական մարտերը միշտ վերջացել են մահով

Բժիշկներ Ֆաբիան Կանցը և Կլաուս Գրոսշմիդտը ուսումնասիրել են Էֆեսում գտնվող գլադիատորների 1800-ամյա գերեզմանատունը։ Նրանք հայտնաբերել են այնպիսի վնասվածքներ, որոնք բնորոշ էին միայն այդ ոլորտի մարդկանց։ Սակայն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ այնտեղ շատ քիչ են հայտնաբերվել։

Գլադիատորական մարտերն ավելի շատ նման են եղել մրցույթների, որոնց հետևել են մրցավարները։ Միևնույն ժամանակ, ոչ բոլոր մարտիկներն են եղել ստրուկներ։ Հանուն գումարային մրցանակի՝ որպես գլադիատոր էին վարձակալվում նաև ազատ մարդիկ։ Եվ իհարկե, ոչ ոք նրանցից չէր սպասում մարտ մինչև արյան վերջին կաթիլը։

Ստրուկ-գլադիատորներին սովորեցնելու համար սեփականատերերը մեծ գումարներ էին ծախսում։ Այդ պատճառով մարտի ժամանակ հաճախակի սպանությունները տնտեսապես այդքան էլ ձեռնտու չէին։

Գլադիատորները եղել են արնախում

Վերը հիշատակված բժիշկներ Գրոսշմիդտը և Կանցը նաև բացահայտել են, որ մահացու վնասվածքներ ունեցած գլադիատորների կմախքները միանման վնասվածքներ են ունեցել նաև իրենց գլուխների վրա։ Հետազոտողները ենթադրում են, որ հատուկ մարդ է եղել, ով սպանել է վիրավորներին, որպեսզի հոգեկան վնասվածք չհասցնեն հաղթող գլադիատորին։

Հին Հռոմում բոլորը խոսում էին լատիներեն

Հռոմեական կայսրությունը եղել է բազմալեզու պետություն։ Երկրում եղել է երկու պաշտոնական լեզու՝ լատիներեն  և հին հունարեն։ Բացի այդ՝ այս հսկայական կայսրությունում մարդիկ խոսել են նաև այլ լեզուներով, օրինակ՝ օսերեն և էտրուսերեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել