Ես դեռ զարմանում եմ, որ մեր երկրում որևէ պաշտոնյա պայքարում է իր աթոռի համար, որովհետև միայն ինքնասպանը կուզենար հիմա իր վրա վերցնել պետական որևէ պարտավորություն, աշխատել մի իշխանության հետ, որը ցանկացած պահի քո ամեն մի սայթաքում որակելու է որպես «հակահեղափոխություն» և «պետական դավաճանություն» ու փորձելու է ոչնչացնել քո կարիերան, տարիների վարկն ու վաստակը, որովհետև այս իշխանության համար միայն մեկ մարդ է կարևոր՝ Նիկոլ Փաշինյանը։ Մնացած բոլորը կարևոր չեն, էական չեն։ Ով էլ որ կարևոր է, ուրեմն՝ հակառակորդ է ու պետք է ոչնչացվի։

Այսօր, ի դեպ, հենց իմ այս միտքը հաստատեց «Հայկական ժամանակը», երբ իր խմբագրականում գրեց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում ոչ մի իրական դաշնակից չունի, նրա միակ դաշնակիցը ժողովրդի մեծամասնությունն է»։ Այսինքն՝ Նիկոլն իրականում ԲՈԼՈՐԻ հետ կռված է, ԲՈԼՈՐԻ հետ ունի վատ հարաբերություններ, առանց բացառության։ ՔՊ-ն չենք հաշվում։ Էնտեղ Նիկոլին մոտ կանգնած մարդ չկա։ Սա՝ ներքինում։

Ահա արտաքինում. «Ռուսաստանում այդպես էլ չհամակերպվեցին այն մտքի հետ, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկում կարող է հեղափոխություն տեղի ունենալ, որի արդյունքում այդ երկիրը կսկսի շարժվել սեփական ներքաղաքական օրակարգով։ Ու քանի որ Հայաստանում ավանդաբար մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր երկրի ապագան տեսնում են միայն Ռուսաստանի «ֆորպոստի» կարգավիճակում, նրանք որսացին Ռուսաստանից եկող ազդակները եւ կտրուկ ակտիվացրին իրենց գործունեությունը։ Հասկանալի է՝ դա ներկայացվում է որպես մտահոգություն պետության անվտանգությամբ (թեեւ բուն նպատակն այդ հարցերը շահարկելով ռեւանշի հասնելն է)։ Արեւմուտքն էլ իր հերթին տասնամյակներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձում էր ազդել մեր հանրային գիտակցության վրա եւ հասարակության մեջ այնպիսի արժեհամակարգ ձեւավորել, որն ի վերջո կհանգեցներ ժողովրդավարական անշրջելի բարեփոխումների։ Արդյունքում իսկապես ձեւավորվեց քաղաքացիական հասարակություն, որն էապես նպաստեց հեղափոխության հաղթանակին։ Բայց հեղափոխությունը, պարզվեց, «գունավոր» չէր եւ բացառապես ներքաղաքական օրակարգ ուներ․ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, մեծ հաշվով, չփոխվեց։ Սա էլ իր հերթին նպաստեց, որ Արեւմուտքն ու արեւմտյան արժեհամակարգի անվերապահ նվիրյալները «սառեն» հեղափոխությունից (սովորաբար չափազանց ակտիվ այդ երիտասարդները չմասնակցեցին դատարանների շրջափակման ակցիաներին ու մի կերպ թաքցված հրճվանքով ազդարարում էին, թե ակցիաներին շատ քիչ մարդ է մասնակցել)»։

Այսինքն՝ նույնիսկ «Հայկական ժամանակն» ընդունում է, որ վարչապետը իսկապես միայնակ է։ Իսկ դա նշանակում է, որ այդ մարդն ազատ անկման մեջ է, և հետևաբար, փուռը կարող է տալ ցանկացածին երկրի ներսում և ցանկացած հարաբերություններ՝ արտաքին աշխարհում։

Ու այս մարդու հետ դեռ աշխատելու ցանկություն ունեցողներ կա՞ն։ Հակառակը, պետք է խիստ հրապարակային հրաժարվել պաշտոններից, որպեսզի ակտիվիստներով որոշեն ինչ անեն ու հետո, երբ ամեն ինչ ձախողեն, գան, խնդրեն, որովհետև հիմա նրանք անշնորհակալ են ու վտանգավոր։ Նրանց հետ անիմաստ է աշխատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել