Pastinfo.am-ը գրում է.

Բարձր դատարանի կողմից արձանագրած Վճռաբեկ դատարանի քրեական պալատի խախտումները, հատկապես ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի խախտման փաստը՝ պետք է անխուսափելիորեն ունենա համարժեք իրավական հետևանքներ, այդ թվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Նման կարծիք է հայտնել սահմանադրագետ Արամ Վարդեւանյանն՝ արձագանքելով Վճռաբեկ դատարանի այսօր տարածած հայտարարությանը։

«Սահմանադրության և օրենսդրության վերլուծության արդյունքում չհայտնաբերեցի Վճռաբեկ դատարանի դատավորների իրավունք/լիազորությունը մեկնաբանելու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները: Բարձր դատարանի կողմից արձանագրած Վճռաբեկ դատարանի քրեական պալատի խախտումները, հատկապես ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի խախտման փաստը՝ պետք է անխուսափելիորեն ունենա համարժեք իրավական հետևանքներ, այդ թվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Միաժամանակ առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այդ երկու որոշումների հետ կապված այդ նույն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, քրեական իրավունքի առավել հեղինակավոր գիտնական Ս. Ավետիսյանը ունեցել է հատուկ կարծիք, որը ըստ էության բխում էր ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենսդրության պահանջներից: Հիշեցման կարգով նշեմ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ՀՀ դեմ ընդունված որոշումների մի ստված զանգվածը չէր լինի, եթե Վճռաբեկ դատարանը իրապես և մշտապես առաջնորդվեր իրավունքի գերակայության սկզբունքով»,- ֆեյսբուքում նշել է Ա.Վարդեւանյանը:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ  ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ անթաքույց իր դժգոհությունն է հայտնել Սահմանադրական դատարանի՝ իրեն ուղղված գնահատականների առնչությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել