Հայտնվել է «Աստղային պատերազմների» մասին լեգենդար կինոսագայի իններորդ էպիզոդի պրոմոֆոտոն: Լուսանկարը հրապարակել է Vanity Fair հրատարակությունը: Լուսանկարի վրա երևում են նախորդ էպիզոդների հերոսները՝ Ռեյը, Քայլո Ռենը, Չուբաքան ու Ֆինը, ինչպես նաև նոր հերոսներ Զորի Բլիսը և Ջանուն:

«Աստղային պատերազմների» իններորդ մասը ստացել է «Սքայուոքեր» անվանումը: Համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին: Ավելի վաղ Variety հրատարակությունը, վկայակոչելով Walt Disney ընկերության տնօրեն Ռոբերտ Այգերին, հայտնել է, որ «Աստղային պատերազմների» հաջորդ էպիզոդը, որը, ինչպես սպասվում է, էկրան կբարձրանա 2022 թվականին, նկարահանելու են «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողները՝ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը: «Մենք մտածեցինք, որ երեք տարին բավարար ժամանակ է ոչ միայն շունչ առնելու, այլև հաջորդ ֆիլմի թողարկմանը նախապատրաստվելու համար»,- հայտարարել է Այգերը: «Մենք համաձայնագիր ենք կնքել Դևիդ Բենիոֆի և Դենիել Բրեթ Ուայսի հետ, որոնք հայտնի են «Գահերի խաղով», և հաջորդ ֆիլմը, որը մենք կթողարկենք, նրանցն է լինելու»,- նշել է տնօրենը: Ավելի վաղ, ինչպես գրում է հրատարակությունը, Disney-ը հայտնել է, որ 2022, 2024 և 2026 թվականներին կթողարկվեն կինոսագայի նոր եռերգության էպիզոդները: Երեք էպիզոդներից առաջինը կնկարահանեն Բենիոֆն ու Ուայսը և էկրաններ կբարձրանա 2022 թվականի դեկտեմբերին, հաղորդել է Life-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել