Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի Լիգայի եզրափակչին անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ սկսել է ճնշումներ գործադրել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) վրա՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին «սպորտի միջոցով մաքրել մարդու իրավունքների ոլորտում իր սոսկալի հեղինակությունը»: 

Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: 

Կազմակերպության տնօրեն Քեյթ Ալենի խոսքով՝ երկրպագուները, միևնույն է, հետաքրքրությամբ կդիտեն ֆուտբոլային հանդիպումը, սակայն Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների ոտնահարման առումով վատ հեղինակություն ունենալ, քանի որ այնտեղ դաժանաբար թիրախավորվում են լրագրողներ, բլոգերներ և մարդու իրավունքի պաշտպաններ:

«Որոշ երկրներ ավելի ու ավելի հաճախ են սպորտային բարձր մակարդակի մրցություններն օգտագործում մարդկանց ուշադրությունն իրենց ճնշումային քաղաքականությունից և մարդու իրավունքի ոտնահարումներից շեղելու համար, ինչի ամենաթարմ օրինակը Բաքվում կայանալիք «Արսենալ» - «Չելսի» հանդիպումն է»,- հավելել է Ալենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել