Ջոն Ռոքֆելերի կարղությունն ավելի մեծ էր, քան ինտերնետի հսկա Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսինը, որը ճանաչվել է պատմության մեջ ամենահարուստ մարդը: Նման եզրակացության է եկել տնտեսագետ Սամյուել Ուիլյամսոնը, որը տաբեր դարաշրջանների ձեռնարկատերերի ակտիվների արժեքը հաշվարկել է սեփական մեթոդի կիրառմամբ, գրում է Bloomberg-ը:

Ուիլյամսոնը որոշել է հրաժարվել ավանդական մոտեցումից, որը հիմնված է ինֆլյացիայի վրա, երբ անցյալի անձնավորության կարողությունը բազմապատկվում է նրա կյանքից հետո ընկած ժամանակահատվածի գնաճի գործակցով: Դրա փոխարեն նա առաջարկել է գնահատել որոշակի պահին նրա մասնաբաժինը երկրի ընդհանուր տնտեսությունում:

Այս մեթոդի համաձայն՝ պատմության մեջ առաջին միլիարդատեր, նավթային հսկա Ջոն Ռոքֆելերը 1937 թ.-ին՝ մահվանից առաջ, ունեցել է ԱՄՆ տնտեսության 1.6 %-ին համարժեք կարողություն: Սա նշանակում է, որ ներկայիս իրողություններում նա կարող էր տնօրինել 331 միլիարդ դոլարի:

Ըստ Ուիլյամսոնի՝ երկրորդ տեղում պողպատի արդյունաբերության հսկա Էնդրյու Քարնեգին է (1835-1919): Նրա ներկայիս կարողությունը կգնահատվեր 321 միլիարդ դոլար: Երրորդ տեղում Կոռնելիուս Վանդերբիլթն է (1794-1877), որը կարողացել է այսօրվա չափանիշներով 238 միլիարդ դոլար աշխատել նավաշինարարության և երկաթուղու ոլորտում: Ի թիվս այլ բաների՝ նա կառուցել է Նյու Յորքի կենտրոնական կայարանը:

Միևնույն ժամանակ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը, որն անցյալ տարի ճանաչվել է պատմության ամենահարուստ մարդը, կազմում է 117 միլիարդ դոլար: Հայտնի ներդրող, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆետն ունի «ընդամենը» 93 միլիարդ դոլար, նշել է Ուիլյամսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել