Armenpress.am-ը գրում է.

«Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ցուցադրությունների շարքը մեկնարկեց մայիսի 22-ին և տևելու է մինչև մայիսի 26-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս տարի հայ հանդիսատեսի դատին կհանձնվի 13 նոր ֆիլմ, որոնցից 1-ն անիմացիոն է: Ցուցադրվելու են նաև ռուսական գեղարվեստական նոր ֆիլմեր, որոնք ներկայացնում են Ռուսաստանն իր ժամանակակից կողմերով և պատմական անցյալով:

Մեկնարկին ցուցադրվեց «Ցենտրալ Պարտներշիպի» գլխավոր տնօրեն Վադիմ Վերեշչագինի «Միլիարդ» ֆիլմը, որը ռուսական ֆիլմարտադրության լավագույն ժամանակակից կատակերգական դրամաներից է համարվում:

Ֆիլմերի ցուցադրություններն այս տարի կլինեն Երևանում և Գյումրիում:

Բացման ֆիլմի ցուցադրությանը նախորդած ասուլիսի ժամանակ Պրոդյուսերների գիլդիայի նախագահ Կարեն Ղազարյանն ասաց, որ ռուսական կինոյի շաբաթի շնորհիվ ավելանում է հայ-ռուսական համագործակցությունը ֆիլմարտադրության ոլորտում:

«Կարծում եմ, որ «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» միջոցառումը ռուս-հայկական հիանալի համագործակցություն է, որի շնորհիվ նոր հնարավորություն է ստեղծվում շփման, մտքերի ու փորձի փոխանակման, ինչպես նաև՝ նոր ֆիլմերի ստեղծման համար»,- նշեց Ղազարյանը:

Նա նաև հավելեց, որ լինելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն, որոշել է, որ «Ոսկե Ծիրան» փառատոնի բացման արարողությունն այս տարի կանցկացվի համալիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել