Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կրտսեր դուստրը ԱՄՆ-ում 2.6 միլիոն դոլարով երկու բնակարան է գնել և դրանք վաճառել 20 դոլարով, բացահայտել են Baza-ի լրագրողները:

Պորտալի տվյալներով՝ 25-ամյա Օլգա Լուժկովան ապրում է Նյու Յորքում: Մանհեթենում գտնվող 74 քմ տարածքով առաջին բնակարանը նա գնել է 2017 թ.-ին 1.5 մլն դոլարով: Երկրորդ 59 քմ տարածքով անշարժ գույքը նախկին քաղաքապետի դուստրը գնել է նույն շրջանում՝ 1.1 մլն դոլարով:

Այս տարվա սկզբին անսպասելի կերպով Օլգան խորհրդանշական 20 դոլարով երկու բնակարանները վաճառել է Carmine Properties LLC ընկերությանը: Միևնույն ժամանակ, լրագրողները չեն կարողացել տեղեկատվություն գտնել ընկերության սեփականատերերի մասին: Պարբերականը նշում է, որ տվյալ ընկերությունը կարող է կապված լինել Օլգա Լուժկովայի հետ:

Բացի այդ՝ լրագրողներին հաջողվել է պարզել, որ նախկին քաղաքապետի դուստրն առնվազն մեկ գործող ընկերություն ունի Մեծ Բրիտանիայում՝ Buckwheat studio limited-ը, որը հիմնադրվել է այս տարվա սկզբին:

Յուրի Լուժկովը եղել է Մոսկվայի քաղաքապետը 1992-2010 թվականներին: Նախկին քաղաքապետի կնոջ՝ Ելենա Բատուրինայի կարողությունն, ըստ Forbes-ի, 1.2 միլիարդ դոլար է գնահատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել