1918 թվական։ Թուրքիան իր պանթուրքիզմի դարավոր երազանքն իրագործելու նպատակով Անդրկովկասում ստեղծում է թաթարներով բնակեցված նոր պետություն, որն ի սկզբանե կոչվեց Մուսաֆաթական Ադրբեջան՝ այտեղ իշխող կուսակցության անունով: Երբ նայում ես քարտեզին, պարզ երևում է, որ Ադրբեջանին և Թուրքիային իրար միանալու համար աշխարհագրորեն միայն մի բան է խանգարում. դա քրիստոնյաներով բանկեցված թերակղզին է՝ Սյունիքը:

1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայում հերոսանալուց հետո դեռևս եիրտասարդ Նժդեհին առաջին հանրապետության ղեկավարները գործուղեցին Սյունիք՝ այն թուրքերի և թաթարների ճանկերից փրկելու համար: Խնդիրը ավելին քան բարդ էր. բացի երկու կոմից հարձակումներից՝ Սյունիքը տառապում էր և ներսից։ Դարերի ընթացքում փոխվել էր բնակչության էթնիկ կազմը, Սյունիքը բնակեցված էր 200-ից ավել թուրքական գյուղերով, որոնք անընդմեջ կաթվածահար էին անում միջհամայնքային ճանապարհները և իսկական գլխացավ էինք ինչպես խաղաղ հայ բնակչության, այնպես էլ Նժդեհի զինվորների համար:

1919- 1920 թթ․: Նժդեհը դիմագրավեց թուրք-թաթարական հարձակումներին և զտեց Սյունիքի էթնիկ կազմը:

Տաթևի վանքում գտնվող այս սենյակում է բնակվել Նժդեհը Զանգեզուրի գոյամարտի տարիներին (լուսանկարները՝ jevoyage.am կայքի)

Թվում էր, թե դժվարն արդեն անցյալում է, բայց 1920 թվականի գարնանը Կարմիր բանակը մտավ Ադրբեջան, և հիմա էլ Սյունիքն ու Արցախը պետք էր փրկել քեմալա-բոլշևիկյան հարձակումներից: Գրավելով Արցախը և Շուշին՝ Կարմիր բանակը շուտով ներխուժեց Գորիս և բաժանեց Սյունիքը երկու մասի: Նժդեհն իր ջոկատով նահանջեց Կապան, իսկ Սիսիանում հաստատվեց Պողոս Տեր-Դավթյանը (ի դեպ, վերջին տարիներին «Գարեգին Նժդեհ» ֆիլմում Խորեն Լևոնյանը մարմանավորել է հենց այս հերոսին, որի մասին, չգիտես ինչու, շատ քիչ են հիշում):

Image result for Պողոս Տեր- Դավթյանը

Թվում էր՝ արդեն ամեն ինչ ավարտված է, անհնար կլինի դիմագրավել մինչև ատամները զինված Կարմիր բանակին և նրանց օժանդակող թաթարներին՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Սյունիքը արդեն մեջտեղից կիսվել էի երկու մասի: Բայց Նժդեհը իր լեռների պես հպարտ և խրոխտ սյունեցիների ջոկատով շուտով ազատագրում է Սյունիքը Կարմիր բանակից:

 Հին Խնձորեսկ գյուղը (լուսանկարը՝ Myarmenia.si.edu կայքի)

Բացահայտելով թուրք-բոլշևիկյան ծուղակն այն մասին, որ ցանկանում են Սյունիքը Արցախի պես միացնել Խորհրդային Ադրբեջանին՝ Նժդեհը չլսեց նույնիսկ կռիվը դադարեցնելու հայ ղեկավարների (Սիմոն Վրացյան, Արամ Մանուկյան) հորդորը։ Շուտով գումարվեց Համազանգեզուրյան համաժողով, և Սյունիքը հռչակվեց ինքնիշխան, իսկ 1921 թվականի Համազանգեզուրյան երկրորդ համաժողովով Սյունիքը հռչակվեց անկախ հանրապետություն՝ Լեռնահայաստան:

Եվ միայն հուլիսին, գրավոր երաշխիքներ ստանալով Մյասնիկյանից, որ Սյունիքը միանալու է Մայր Հայաստանին, Նժդեհը վայր դրեց զենքերը և անցավ Պարսկաստան՝ նամակով զգուշացնելով խորհրդային իշխանություններին, որ անհրաժեշտության դեպքում նորից կարող է գրավել Սյունիքն իր մի քանի տասնյակ քաջերով:

Կարող ենք փաստել, որ Սյունիքն այն վայրն է, որտեղ մենք վերջինն ենք կորցրել պետականությունը:

Երկու տարի տևած կռիվների արդյունքում Նժդեհի բանակը տվեց ընդամենը մի քանի տասնյակ զոհ՝ թշնամու 15000-ի դիմաց: Ապավինելով իր ազգի փառահեղ ոգուն, հայրենի լեռների հզոր կանչին՝ Նժդեհը կարողացավ փրկել պատմական Հայաստանի այս փոքրիկ, բայց ադքան կարևոր հողակտորը:

Ամփոփելով ասեմ, որ եթե չլիներ Նժդեհի պայքարը, ապա Սյունիքը կհայտնվեր Ադրբեջանի կազմում, իսկ մի պահ պատկերացրեք՝ հնարավոր կլինե՞ր ազատագրել Արցախը 90-ականներին այդ պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել