«Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարությունը տարակարծությունների պատճառ դարձավ: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն», - ասված է դեսպանատան տարածած հայտարարության տեքստում:
«Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների՝ երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով»:
Իշխանության ներկայացուցիչները կարծում են, որ այս հայտարարությամբ Վաշինգտոնը սատարում է վարչապետի վերջին նախաձեռնություններին: Մի կողմ թողնենք ընդհանրապես որևէ երկրի դեսպանատան հայտարարությունից էյֆորիայի մեջ ընկնելու կամ որևէ երկրի մեջ «փրկիչ», «սատակող» տեսնելու մոլուցքի արդարացվածությունը: Այս հարթության վրա խնդիրն իրականում բազմաշերտ է:
Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը չի վիճարկվում որևէ մեկի կողմից՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ գործընկեր երկրների մակարդակով: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ ճանապարհով ու միջոցներով պետք է իրականացվեն այդ բարեփոխումները: Այս հարցում է, որ առաջանում են տարակարծություններ՝ հաճախ իրարամերժ գնահատականներով:
Օրինակ՝ ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում «հետամուտ լինել դատական բարեփոխումների՝ երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով»: Այս ձևակերպումն ինքնին ենթադրում է, որ Վաշինգտոնը չի խրախուսում դատարանի մուտքերն արգելափակելու Փաշինյանի նախաձեռնությունը: Դրա սահմանադրականությունը խիստ վիճահարույց է, որովհետև ստացվում է՝ գործադիր իշխանությունը միջամտում է արդարադատության իրականացմանը, ինչը հակասում է ոչ միայն մեր երկրի Մայր օրենքի տրամաբանությանը, այլ նաև ժողովրդավարության համընդհանուր սկզբունքներին:
Ի դեպ, Հայաստանի խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունները նման բովանդակությամբ հայտարարություններ են տարածել, վարչապետի նախաձեռնությունը հարուցել էր անգամ արմատական բարեփոխումների դիրքերից հանդես եկող ՔՈ ՍԴԿ-ի տարակուսանքը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը տիրապետում է բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին, խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն ու անհրաժեշտ բարեփոխումները կարող է իրականացնել միանգամայն լեգալ ճանապարհով՝ ձեռնպահ մնալով փողոցի ճնշումը քաղաքական գործիք դարձնելուց:
Բացի այդ, ԱՄՆ դեսպանատունը կարևորում է բարեփոխումների «երկարաժամկետ ռազմավարության» առկայությունը, ինչը, անկեղծ ասած, տեսանելի չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ելույթում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: