Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանի Մոնտրո-Ֆոտ-Իոնի քաղաքապետն առաջարկել է զույգերին վիագրա բաժանել՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով, հաղորդում է La République du Centre-ը:

Քաղաքապետ Ժան Դեբուզիի խոսքերով, 650 բնակիչ ունեցող գյուղում, երեխաների փոքր թվաքանակի պատճառով, երկու տեղական դպրոցները փակման եզրին են: «Առանց երեխաների գյուղը՝ մեռած գյուղ է»,- նշել է քաղաքական գործիչը:

Մայիսի 16-ին Դեբուզին հրամանագիր է ստորագրել, ըստ որի գյուղի 18-40 տարեկան բնակիչը կարող է անվճար պոտենցիան բարելավող միջոց ստանալ:

Սակայն անհայտ է մնում, թե ինչպես է Դեբուզին կատարելու իր խոստումը. ֆրանսիական դեղատներից վիագրան հնարավոր է ձեռք բերել միայն բժշկի դեղատոմսով:

Այնուամենայնիվ, Դեբուզին վստահեցրել է, որ երբ տղամարդիկ գան վիագրա ստանալու, նա մատակարարումը կհամաձայնեցնի տեղական խորհրդի հետ և կապահովի դեղամիջոցները: Նրա խոսքերով, հրամանագրի հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը դեպի կրթական հաստատությունների խնդիրներին հրավիրելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել