Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր․ մեծը իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի, սրում է ու սրում: Ես առաջին օրից դեմ եմ եղել հակադրություններին՝ «Հին» ու «Նոր» Հայաստանների, տարիքային ռասիզմ հիշեցնող սերնդափոխության, հեղափոխության և Արցախյան ազատամարտի համեմատության, առավել ևս՝ հակադրության, «սև»-ի ու «սպիտակ»-ի բաժանման...

Այն դիտարկումների հետ էլ, որ ես ԼՂՀ իշխանությանն եմ պաշտպանում, համաձայն չեմ։ Ես փորձում եմ հարթել, ցավոք, չի ստացվում: Դեռ չի ստացվում: Ես համոզված եմ՝ հայրենիքը բոլորիս համար եղել է մեկը, կա ու լինելու է մեկը: Մահապարտները ուրիշի հայրենիքի համար չէին գնում հաղթելու: Պատերազմը ավարտված չէ: Գլխավոր հարցը լուծված չէ՝ Արցախի կարգավիճակի ու անվտանգության: Այս պարագայում արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ու մեր խնդիրները լուծելու փոխարեն ներքին խնդիրներ ստեղծելը, մեղմ ասած, նպատակամետ չէ: Դա չի նշանակում ամեն ինչ ծածկադմփոց անել, դա նշանակում է իրար հանդիպել ու ամեն ինչ պարզել, հետո ստատուսներ գրել ու հայտարարություններ անել, եթե անհրաժեշտություն լինի: Ես ոչ մեկին պաշտպանելու խնդիր չունեմ: Նախ՝ իրենք իրենց հրաշալի պաշտպանում են ու կողքից պաշտպանների կարիք չունեն, հետո էլ՝ իմ քաղաքական կարիերայում ես միշտ ձգտել եմ խնդիր լուծել, ոչ թե խնդիր դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել