Huawei կորպորացիայի հիմնադիր Ժեն Չժենֆեյը հայտարարել է, որ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կողմից Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալելու ժամանակավոր լիցենզիայի տրամադրումն ընկերության համար էական նշանակություն չունի:

«ԱՄՆ կառավարության տրամադրած 90-օրյա լիցենզիան Huawei-ի համար էական նշանակություն չունի»,- նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Չժենֆեյը հավաստիացրել է, որ ընկերությունն ի վիճակի է հաղթահարելու Միացյալ Նահանգների կողմից սահմանված արգելքը: Միևնույն ժամանակ կորպորացիան չի բացառում ամերիկյան չիպերի օգտագործումը: Ընկերության ղեկավարը նշել է, որ Huawei-ը «կարող է նույնքան լավ չիպեր արտադրել, ինչպես ամերիկյան ընկերությունները», սակայն մատակարարման պակասի դեպքում կօգտագործվեն ԱՄՆ չիպերը:

Ավելի վաղ Life-ը հաղորդել է, որ չինական Huawei ընկերությունը և նրա 70 ստորաբաժանումները կընդգրկվեն ԱՄՆ առևտրի դեպարտամենտի սև ցուցակում ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով: Հետագայում ԱՄՆ-ը Huawei-ին ժամանակավոր լիցենզիա է տրամադրել՝ ամերիկյան հաճախորդներին սպասարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել