168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում մի շարք նախարարների և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով դատաիրավական համակարգին, նշել էր, որ այսօր Հայաստանում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն, որի գործունեությունը հանրության շրջանում շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում։
Նա իր խոսքի վերջում անդրադարձել էր նաև Արցախին, նշելով, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև:

«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,- ասել էր վարչապետը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխոսնակ Վահրամ Բալայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նկատեց՝ կան բազմաթիվ մարդիկ, որոնք մեծ շահագրգռվածություն ունեն, որպեսզի հայոց երկրի երկու հատվածների միջև առաջանան որոշակի խնդիրներ։

«Եթե հետևենք ադրբեջանական լրատվամիջոցներին, ապա այնտեղ արձագանքներն այնպես են, որ պետք է հնարավորություն ստեղծեն, որպեսզի զարգացումներն իրականանան Հայաստանի ներսում, Արցախն էլ՝ հետը, այսինքն՝ սահմանի վրա պահպանեն որոշակի հանգստություն, որպեսզի ներքին խժդժություններ ու հակասություններ սկսվեն այստեղ։ Սա տեսանելի է, և պատահական չէ, որ տարբեր տեղերից ֆինանսավորվող որոշակի ուժեր, հասարակական կառույցներ, անհատներ փորձում են իրավիճակից օգտվել և լարվածություն տարածել։ Կարծում եմ՝ ՀՀ-ի և Արցախի առողջ ուժերը պետք է պահեն այն, ինչ ունենք, որը ձեռք ենք բերել հազարավոր մարդկանց արյան գնով։ Այսօր փորձ է արվում, այդ ամենը սասանել։ Այս ամենն անընդունելի է»,- ասաց Վահրամ Բալյանը։

Հարցին՝ կարծիքներ են հնչում, որ ՀՀ վարչապետը նկատի է ունեցել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, ինչպես նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին, նրանց կողմից այդպիսի գործողություններ նկատե՞լ է, որոնք կարող են տարաձայնություններ սերմանել Արցախի և Հայաստանի ժողովուրդների միջև, Վահրամ Բալայանը պատասխանեց, որ չի կարծում, որ նրանք են տարաձայնություներ սերմանողները։

«Կոնկրետ Բակո Սահակյանը տարիներ շարունակ աշխատել է և այսօր էլ շարունակում է աշխատել, որպեսզի ամրապնդի Արցախի պետականությունը, ուստի չի կարելի նման մարդուն համարել ոչ պետակամետ կամ սև ուժ։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա նկատմամբ ընթանում են դատական գործողություններ, իսկ Սերժ Սարգսյանն էլ իշխանությունից հեռացած քաղաքական գործիչ է։ Մեզ համար մեծ շռայլություն է, եթե պետք է սկսենք միմյանց նկատմամբ նման թշնամանք և հակասություններ հրահրել։ Պետք է ավելի շատ զբաղվենք մեր երկրի ներքին կյանքը կառուցելով ու զարգացնելով»,- շեշտեց Արցախի ԱԺ փոխոսնակը։

Անդրադառնալով վարչապետի այն խոսքին, որ այս ամենի տակ դավադրություն է տեսնում, ընդհուպ՝ տարածքներ հանձնելու և դրա ամբողջ պատասխանատվությունը թողնելու ՀՀ կառավարության վրա, Վահրամ Բալայանն ընդգծեց, որ այստեղ պետք է նշվի, թե խոսքն ում մասին է, եթե խոսքն Արցախի գործող նախագահի մասին է, ապա այստեղ տրամաբանություն կա՞։

«Իհարկե, կան ուժեր, որոնք կցանկանային, որպեսզի նման ծառայություն մատուցեին Ադրբեջանին։ Բայց համոզված եմ՝ մեր հասարակությունը կանգնած է ամուր պետականության հիմքերին։ Ի վերջո, եթե թուրքը սահմանն անցնի, ապա չի նայելու՝ քաղաքական ուժը սև՞ է, թե՞ սպիտակ։ Պետք է հնարավորինս զերծ մնանք միմյանց մեջ թշնամիներ որոնելուց»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել