168.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փախանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի Բակո Սահակյանը: Նա անդրադարձավ լրագրողների այն դիտարկմանը, թե իր ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քայլը լարվածություն առաջացրեց:

«Գիտեք՝ մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու: Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա  թուլացնելու: Մեր միջնորդության մեջ նշված էր ՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ՝ խափանման միջոցը փոխելուն»,-ասաց Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ին ելույթին, որտեղ վարչապետը նշել էր, որ կան ուժեր, որոնք տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ:

«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում՝ ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»,-ասաց Բակո Սահակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել