Լևոն VI-ը (1342 - 29 նոյեմբեր, 1393) Կիլիկյան Հայաստանի վերջին թագավորն է եղել, ով ծագումով ֆրանսիական Լուսինյանների ընտանիքից է: Կառավարել է 1374-ից մինչև 1375 թթ.: Ջիվանի և Սուլթանի որդի Լևոնը ծնվել է Կիլիկիայում: 

Հայրը ֆրանսիական Լուսինյան տոհմի Ջիվան ասպետն էր, մայրը հայուհի էր՝ Սուլթան անվամբ: Ջիվան Լուսինյանը վաղ էր մահացել: Իսկ երբ Կիլիկիայում գահ բարձրացավ Կոստանդին IV արքան, որ հալածանքներ սկսեց ունիթորների նկատմամբ, Սուլթան իշխանուհին իր զավակների հետ ապաստանեց Կիպրոս կղզում, որի գահակալները նույնպես Լուսինյաններ էին: Շուտով հայոց գահին Կոստանդին IV արքային հաջորդեց Կոստանդին V-ը, ով, կաթոլիկ լինելով, հալածանքներ սկսեց հակաունիթորների դեմ: Նրա դավադիր սպանությունից հետո ունիթորները Կիպրոսից հրավիրեցին նրա ազգական Լևոն Լուսինյանին՝ զբաղեցնելու հայոց թափուր գահը, և 1374 թ. Լևոն VI-ը բազմեց բզկտված ու հոգեվարք ապրող Կիլիկիայի գահին: Լևոնը Սիս ժամանեց սեպտեմբերին ու Սուրբ Սոֆիայի տաճարում հայոց թագավոր օծվեց լատինական ծեսով: Մայրաքաղաքում նորից ընդվզումներ սկսվեցին, և թագավորը ստիպված էր կրկնել օծման արարողությունն արդեն հայոց ծեսով:

Սակայն Լևոնն իր լատինամոլ քաղաքականությամբ հարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մուսուլմանական պետությունների դժգոհությունը: Եգիպտոսի սուլթան Մելիք Աշռաֆի զորքերը 1375 թվականի հունվարի 5-ին պաշարեցին Սիսը։

Սովից ու հիվանդություններից նեղված Լևոնն ապրիլի 22-ին հաշտություն խնդրեց և Հալեպի ամիրայից կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնեց թշնամուն։ Լևոնն իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվեց Կահիրե։ 

1383 թվականի ամռանը նա հասավ Կաստիլիա, որի թագավորը Լևոնին պարգևեց Մադրիդ, Վիլյառեալ, Անդուխար քաղաքները և խոստացավ օգնել նրան վերստանալ Կիլիկիայի գահը։ Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները ձգտում էին Լևոնին օգտագործել Մերձավոր Արևելքում իրենց ազդեցությունն ընդարձակելու համար։ 

Լևոնը տասնմեկ տարի շարունակ շրջագայեց և դիմեց եվրոպական արքունիքներին՝ նրանցից օգնություն ստանալու ապարդյուն հույսով։ Կյանքի վերջին տարիներին Լևոնն ապրեց Փարիզի Սենտ–Օուեն պալատում, որը նրան 1384 թվականին հատկացրել էր Ֆրանսիայի Շառլ 6-րդ թագավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել