Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Նաքհոն Ռաթչասիմա նահանգում շունը հայտնաբերել է դաշտում ողջ թաղված նորածին երեխային, գրում է Daily Mail-ը:

Տեղեկացվում է, որ չորեքշաբթի, մայիսի 15-ին, 41-ամյա Ուզա Նիզայկան իր Պինգ Պոնգ անունով շան հետ զբոսնել է դաշտում, երբ կենդանին հանկարծ սկսել է հաչել և քանդել հողը: Տերը մոտեցել է, որպեսզի պարզի, թե ինչն է անհանգստացրել շանը և նկատել է հողի միջից դուրս ցցված երեխայի ոտքը: Նա արագ փորել է հողը և հանել երեխային ու տեղափոխել հիվանդանոց:

Պարբերականի տվյալներով, այս պահին նորածնի առողջությանը ոչինչ չի սպառնում:

Ոստիկանությունը գտել է երեխայի մորը, որը գյուղի 15-ամյա բնակչուհի էր: Նա խոստովանել է, որ թաքցրել է հղիությունը, բոլորից գաղտնի ծննդաբերել և որոշել է թաղել երեխային, քանի որ վախեցել է ծնողների բացասական արձագանքից: Նշվում է, որ նրանք նախատեսում են հիվանդանոցից վերցնել թոռնիկին և զբաղվել նրա դաստիարակությամբ:

Նիզայկան նաև պատմել է, որ տեղացիները զարմացած են իր շան արարքով և նրան հերոս են անվանում: Նա նշել է, որ Պինգ Պոնգը շատ հավատարիմ և հնազանդ շուն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել