Երևանի ընդհանուր իրավասությանը դատարանն այսօր՝ մայիսի 18-ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Նախքան որոշման հրապարակումը դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում ինչպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կողմնակիցները, այնպես էլ դեմ հանդես եկող քաղաքացիները։  

Հիշեցնենք, որ նախնական դատական նիստի ընթացքում Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարանում վերահաստատել էին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: 

Երաշխավորության մեջ, մասնավորապես, ասվում է․«Հաշվի առնելով Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք:

Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել