«Կառավարությունում ներդրումային հարցերի վերաբերյալ ոլորտային խորհրդակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախարարների գաղափարական դերակատարման հարցին՝ նշելով, որ նախարարներն իրենց ոլորտներում պետք է լինեն գաղափարախոսներ: Նրա խոսքով՝ նախարարն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի՝ բացատրելու համար կառավարության անելիքը, իրենց անելիքը, իր անելիքը: «Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»,- հայտարարել է Փաշինյանը:
Հարցը խորքային իմաստով հույժ կարևոր է, կարևոր է ընդհանրապես և կարևոր է հատկապես հեղափոխական, հետհեղափոխական շրջանում: Այդ իմաստով, երբ խոսվում է կառավարության արդյունավետության մասին՝ որպես հեղափոխության կապիտալիզացիայի, ամրության և հանրային վստահության գլխավոր հիմքի, պետք է նկատի ունենալ ոչ միայն շատ կոնկրետ վիճակագրական արդյունքները, այլ նաև հանրության հետ հաղորդակցության բովանդակային տիրույթը: Որովհետև արդյունքները, վերջին հաշվով, անգամ բավականին ինտենսիվ աշխատանքի դեպքում, պահանջում են ժամանակ: Այդպիսին է տնտեսությունը. այստեղ արվող քայլերի զգալի մասը զուտ առերևույթ թողնում է հակասական տպավորություն, իսկ էֆեկտիվությունը զգալու համար՝ պահանջում ժամանակ: Ահա այդտեղ է, որ հեղափոխական իրավիճակներում գալիս է հանրության հետ հաղորդակցության խնդիրը՝ հանրամատչելի և առարկայական բովանդակությամբ, որի հիմքում հռչակագրայնությունը չէ, այլ մտածողության, մոտեցումների փոփոխության արժեհամակարգային և գաղափարական շատ կոնկրետ խոսակցություն:
Այդ կարևոր հարցն է բարձրացնում Նիկոլ Փաշինյանը նախարարների առաջ, բայց դա էլ ինքնին առաջացնում է հարցեր: Օրինակ՝ իսկ արդյոք կառավարության բոլո՞ր անդամներն են ունակ կատարել այդ իսկապես անհրաժեշտ և խորքային կարևորություն ներկայացնող առաքելությունը՝ լինել գաղափարախոսներ: Անշուշտ, այստեղ նաև պետք չէ բացարձակացնել խնդիրը. ի վերջո, կան նախարարներ, ոլորտներ, որտեղ գաղափարախոսական առաքելությունը գուցե անիրագործելի կամ թույլ իրագործելի է, սակայն բավական բարձր կարող է լինել զուտ կառավարչական արդյունավետությունը:
Ոչինչ բացարձակ և միարժեք չէ, սակայն, այդուհանդերձ, այստեղ հանգում ենք այդքան քննարկված կադրային քաղաքականության հարցին: Տվյալ դեպքում, թե որքանով է վարվող այդ քաղաքականությունը պարունակում գաղափարախոսական ներուժ, որովհետև, խոշոր հաշվով, իհարկե, այդ հարցում միայն նախարարները չէ, որ պետք է ունենան այդ առաքելությունը, այլ գործնականում կառավարող ուժն ամբողջությամբ, առավել ևս՝ պատգամավորական հատվածով: Իսկ այստեղ խնդիրը, որ շոշափում է վարչապետը նախարարական համատեքստում, ևս ունի շոշափելի բաց՝ հատկապես հաշվի առնելով խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ հարցն ամենևին իշխանության «մենաշնորհը» չէ, քանի որ հանրության հետ խոսակցությունը, գաղափարական հաղորդակցության հաստատումը ընդհանրապես նոր իրողության լայն խնդիրն է դրանում հանրային-քաղաքական հավակնություն ունեցող բոլոր սուբյեկտների համար:
Բայց անկասկած է նաև, որ այստեղ առաջնային պատասխանատվությունը հեղափոխության առաջնորդող թիմի վրա է: Որովհետև իրականացնելով հեղափոխության քաղաքական մասը՝ այն ներկայումս փաստացի ստանձնել է դրա արժեհամակարգային, մշակութային-քաղաքակրթական մասի պատասխանատվությունը: Դա, անկասկած, հեղափոխության առավել բարդ ու ժամանակատար կողմն է, որի իրականացման համար, սակայն, հանրությունը տվել է մանդատը լիուիլի: Սակայն հեղափոխության այդ մասի ծանրությունն ու պատասխանատվությունը փաստացի համաչափ չեն բաշխված: Այդ մասը գերազանցապես շարունակում է մնալ վարչապետի վրա: Անխոս է, որ առաջնորդի վրա պետք է լինի պատասխանատվության անհամեմատ մեծ բաժինը, ինքնաբերաբար, օբյեկտիվորեն, սակայն հեղափոխության քաղաքական մասի իրականացումը նաև հնարավորություն է, որպեսզի այդ պատասխանատվության բեռը համաչափորեն տեղափոխվի նաև կառավարող ուժի վրա՝ գործնականում ապակենտրոնացնելով խնդիրն ու դրանով իսկ բարձրացնելով արդյունավետությունը: Խոշոր հաշվով, այս խնդրի մասին է անուղղակի բարձրաձայնում վարչապետը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել