Կարծում եք, թե իշխանափոխության պատճառը մարդկանց դժգոհություններ էր կառավարման որակի՞ց, կոռուպցիայի՞ց, դատական համակարգի՞ց, արցախյան հիմնահարցի չլուծումի՞ց: Սխալվում եք: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սխալվում եք: Ճիշտ նույն կերպ սխալվում եք՝ կարծելով, թե գործող իշխանությունից դժգոհությունը օրեցօր մեծանում է նույն պատճառով՝ անարդյունավետ կառավարում, երկակի ստանդարտներով արդարադատություն, կոռուպցիա, չկատարված խոստումներ և այլն: Պատճառը մեկն է՝ մարդիկ լավ չէին ապրում, հիմա էլ լավ չեն ապրում: Իսկ լավն ու վատն ընկալման հարց է: Մեր պատկերացրած, մեր ընկալած լավը երկրագնդի զարգացած հատվածի՝ «1-ին աշխարհի» կենսամակարդակն է, ուստի և գիտակցական կամ գուցե ենթագիտակցական մակարդակում մենք այդ ապրելակերպին ու կենսամակարդակին ենք ձգտում: Ցանկանում ենք ապրել այնպես, ինչպես ապրում են Մանհեթընում կամ ասենք՝ Մոսկվայի առաջին օղակի ներսում: Բողոքն ուղղված է կյանքի այդ որակը չունենալու դեմ, ինչի հետևանքով հանրային ամբողջ զայրույթը պայթում է օրվա իշխանության գլխին: Կա՞ լավ ապրելու ռեսուրս, այլ քննարկման թեմա է: Կա՞ դրան հասնելու գիտելիքը, կամքն ու ճանապարհային քարտեզը, այլ քննարկման թեմա է: Բայց ֆիքսենք, որ պետությունից, օրվա իշխանությունից դժգոհությունն առնվազն վերջին 30 տարիների ընթացքում եղել է և կա վերը նշված հանգամանքը: Սա դիագնոզ է, իսկ լուծումները խնդիրների գերճշգրիտ թիրախավորում, ռեֆորմների մասին պատկերացում, դրանց իրականացման մասին գիտելիք ու կամք են պահանջում, օրինիբուն ստեղծագործական և փորձարարական աշխատանք են պահանջում, այլ ոչ թե անցյալի աղբանոցների հոտոտում և ոչ վաղ անցյալի պատմության խմբագրում՝ այն էլ հնարավորինս կոպիտ ու փնթի եղանակով :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել