Yerevan.Today-ը գրում է.

Շարունակում ենք անդրադառնալ իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված փաստերին եւ իրականությանը։ Առաջին մասը՝ այստեղ

  1. Փետրվար 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիրը, որի արդյունքում արդեն 85 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգնություն։
    Այն քիչ դեպքերից է, երբ վարչապետի ասածը համապատասխանում է իրականությանը։
  2. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։

    Իրականությունը․ Ծրագիրը սկսվել է նախորդ կառավարության կողմից

  3. Ստամատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար առաջին խմբի հաշմանդամություն ունեցողների, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն։

    Իրականությունը․ Վերջին տարիներին գործող կարգ։

  4. Չարորակ ուռուցքների վիրահատությունն իրականացվում է անվճար՝ պետական բյուջեի միջոցներով։
    Հայտարարությունը համապատասխանում է իրականությունը
  5. Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայություն, արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ։

    Իրականություն․ Ծառայաությունը ապահովված չէ համապատասխան պայմաններով, տեղափոխման ընթացքում հիվանդներից 2-ը մահացել են։

  6. Մեծ թափ է հաղորդվել դեռևս 2006 թվականին մեկնարկած Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին,ինչի շնորհիվ 2018 թվականի 6 ամսվա արդյունքներով կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա արդյունքում։
    Իրականությունը․ Կարեւորագույն ծրագիր, որը սկսվել եւ իրականացվել է նախորդ կառավարության կողմից։ Չկա ոչ մի թվային տվյալ, որ ապացուցի վերոնշյալ համամետության (6 ամսվա եւ 12 տարվա) իրականությանը համապատասխան լինելը։
  7. 2018 թվականին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը։ Այս տարի ռեկորդային չափի շինարարություն է իրականացվելու ՀՀ-ում վերջին 9-10 տարվա համար։
    Իրականությունը․ Եթե հաշվի առնենք, որ կասեցվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, իսկ շինարարության ծավալը ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների անցյալ տարի ավելացել է ընդամնեը 4,5 տոկոսով եւ ոլորտի ոչ մի գործունեւթյան տեսակի մեջ չկա շեշտակի աճ, ապա այս «փաստը» ոչ այլ ինչ է, քան ապատեղակատվություն։ «Իրականացվելու»-ն փաստ չէ։
  8. 11 քաղաքների և 41 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում վերակառուցվել է շուրջ 555 կմ նոր ջրագծեր, 36․5 կմ կոյուղագծեր, տեղադրվել է 27․400 հատ անհատական տների ջրաչափական հորեր։

    Իրականությունը․ Շինարարության ծավալների մասով նույնը պետք է ասել, ինչ նախորդ կետում՝ չխոսելով այն մասին, որ ջրագծերն ու կոյուղագծերը նորոգում են ջրամատակարար ընկերությունները։

  9. Հայաստանում առկա շուրջ 350 ավտոգազալցման կայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում արդեն ավարտվել են։
    Իրականությունը․ Երկու զավեշտ մեկ տեղում՝ զուգարանների նորոգումը վարչապետի կողմից հայտարարվող փաստը եւ գազալցակայանները մասնավոր են, եւ նորոգման հետ կառավարությունը կապ չունի։
  10. Գյուղատնտեսական և կոմունալ ծառայությունների հմար նախատեսված մեքենա-սարքավորումներ են ձեռք բերվել միավորված 18 համայնքների համար, 98 միավոր տեխնիկա շուրջ 3,7 մլն դոլար արժողությամբ։
    Իրականությունը․ Գումարային նման ծավալի միջոցառումներ մշտապես իրականացվում են, պարզապես ոչ մեկի մտքով չի անցնում դա որպես նվաճում ներկայացնել։
  11. Հիմնվել են 17 նախակրթարան Երևանում և մարզերում շուրջ 425 երեխայի համար։
    Իրականություն․ Եթե նկատի ունենանք, որ Երեւանում նոր իշխանությունը փաստացի սկսել է գործել տարեվերջին, ապա հիմնված նախակրթարանները բացառապես քաղաքային նախորդ իշխանության կատարած աշխատանքի արդյունք են։
  12. Փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն կատարած ուսանողների վարձավճարը 50 տոկոսով՝ նախկին 30 տոկոսի փոխարեն, իսկ երկու և ավելի ուսանող ունեցողների վարձավճարը փոխհատուցվել է 100 տոկոսով պետական բյուջեի միջոցներով։
    Իրականությունը․ Լրացուցիչ զեղչը դրական քայլ է։ Երկու եւ ավելի ուսանողների վարձավճարի փոխահատոցումը դարձյալ նախորդ կառավարության կողմից ընդունված որոշում է։
  13. Շուրջ 1 մլրդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը։

    Իրականությունը․ Պետական բյուջեով նախատեսված գումար է հատկացվել։ Ո՞րն է այստեղ նոր կառավարության դերը։

  14. Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումնական հաստատություններն ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ համապետական ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ուսումնական հաստատություններում ցուցակագրման, քարոզչության, ուղղորդման և նմանատիպ այլ դեպքեր։
    Իրականությունը․ Արագ տեմպերով քայլեր են արվում ուսումնական հաստատությունների տնօրեններ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ։ Դա մի շարք դեպքերում հանգեցրել է դասադուլների։ Իրականում քաղաքականցումը կրթական համակարգում ընթանում է մեծ թափով, պարզապես քաղաքական ուժն է փոխվել։
  15. Դպրոցական բաժանորդային ծրագրի արդյունքում շուրջ 380 հազար աշակերտներ և 35 հազար ուսուցիչներ ստացել են ու դեռ կստանան եռակի անվճար մուտքի հնարավորություն մշակույթի հաստատություն։
    Իրականությունը․ Անհարմար է անգամ սա որպես փաստ ներկայացնելը՝ այն էլ վարչապետի պաշտոնի մակարդակով։
  16. Գրահրատարակչական և հարակից ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքում գրադարաններն աննախադեպ կերպով համալրվել են ավելի քան 25 հազար միավոր ժամանակակից և արժեքավոր գրականությամբ։ 2018 թվականին Հայաստանի գրախանութներում Երրորդ Հանրապետության պատության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել։
    Իրականությունը․ Բացահայտ ապատեղեկատվություն։ Հայաստանի գրադարանային հավաքածուն՝ ֆոնդը 2018 թ-ին եղել է 17941 հազար օրինակ, 2017 թ․-ին՝ 18443 հազար օրինակ։ Գրքերի օրինակները ոչ թե աճել, այլ նվազել են, այն էլ 502 հազարով։ Ինչ վերաբերվում է «ռեկորդային» վաճառքին, ապա ոչ հնարավոր է դա ստուգել, ոչ պարզել, թե ի՞նչ ասել է «ռեկորդային», ոչ էլ դա որեւէ առնչություն ունի կառավարության գործունեության հետ։
  17. 2018 թվականին գրանցվել է 20229 անհատ ձեռնարկատեր, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 5492-ով։ Գրանցվել է ավելի շատ ՍՊԸ։
    Իրականությունը․ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2017թ-ին բացվել է 808 ԱՁ, 284 ՍՊԸ, 2018 թ․-ին 990 ԱՁ, 459 ՍՊԸ։ Առաջինը՝ ի՞նչ հազարների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երկրորդ՝ բացվող եւ փակվող ձեռնարկությունների թիվըերբեք ոչինչ չի ասել տնտեսական կացության կամ գործարար միջավայրի մասին։
  18. Կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018 թվականին նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/հնա ցուցանիշը նվազել է 2,3 տոկոսային կետով։
    Իրականությունը․ Ամեն դեպքում արտաքին պարտքը, որն անսպառ շահարկումների թեմա է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, 2018 թ․-ին ոչ թե նվազել է, այլ ավելացել՝ 38 մլն դոլարով։
  19. Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը, վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։

    Իրականությունը․ Եղել են դեսպաններ, որոնք իրենց միջոցների հաշվին են հոգացել դեսպանատան պահպանման ծախսերը։ Դրա շնորհիվ պետական բյուջեում տարեկան ավելի քան 400 մլն դրամի խնայողություն է եղել։ Այժմ այդ մարդկանց հեռացնում են համակարգից, շնորհակալություն ասելու փոխարեն, իսկ ծախսերը դրվում են պետական բյուջեի վրա։

  20. Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 2018 թվականի արդյունքներով առաջընթաց է գրանցել 19 կետով և հայտնվել 61-րդ հորիզոնականում։ Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ։
    Իրականությունը. Անհայտ է, հաշվի առնվե՞լ է ԱԱԾ-ի կողմից մեր՝ Yerevan.Today կայքի համակարգչային տեխնիկայի առգրավումը եւ ոստիկանության միջամտությունները aysor.am եւ news.am կայքերի գործունեությանը, պետական մակարդկակով տարվող անհանդուրժողականության քարոզը պետական հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներում ու համապատասխան մթնոլորտի ստեղծումը սոցցանցերում։
  21. 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված վարկանշային զեկույցի տվյալներով, Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդ տեղից բարձրացել է 41-րդ տեղը։ Հայաստանը 13 կետնոց առաջընթաց է արձանագրել երջանկության ինդեքսում։
    Իրականությունը․ Մեկ այլ վարկանիշային զեկույցով էլ Հայաստան «ամենաջղային» երկրների մեջ առաջատար է։ Ընդհանրապես նման զեկույցներին լուրջ վերաբերվելy, առավել եւս` որպես փաստ ներկայացնելն իմաստ չունի։
  22. Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են՝ երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, բնապահպանության նախարար, ԴԱՀԿ պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
    Իրականությունը․ Արդարադատության համակարգի լիակատար ջախջախման եւ պետական մակարդակով հալածանքերի մասին վկայող եւ պետությունը խայտառակող փաստ։
  23. Վերջին մեկ տարում տեղի են ունեցել ՏԻՄ, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրություններ, ԱԺ ընտրություններ, որոնք բոլորն էլ գնահատվել են ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվել  է կին քաղաքապետ։ Առաջին անգամ ընտրության արդյունքները չեն վիճարկվել դատական կարգով։

    Իրականությունը․ Նման միջազգային գնահատականներ եղել են վերջին տարիների բոլոր ընտրություններին, իսկ 2017 թ․-ի խորհրդարանական ընտրությունները չեն բողոքարկվել նաեւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի կողմից։

  24. Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան։ Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու հնարավորությունից։

    Իրականությունը․ Խոշոր գործարարները մշտապես եւ բոլոր երկրներում իրականցնում են լոբբինգ կառավարությունում իրենց շահերն առաջ մղելու համար։ Ոչ ոք դա չի անվանում համակարգային կոռուպցիա, միաժամանակ փորձելով այդ ազդեցությունը հասցնել նվազագույնի։ Հայաստանում եւս նույնն է եղել, բայց պետական որոշումների վրա ազդեցության մասին խոսելն անիմաստ է։ Համակարգային կոռուպցիա կոչվածը եթե պետական գնումների, մրցույթների եւ նման այլ ոլորտների մասին է, ապա հիմա այն ոչ մաիյն գոյություն ունի, այլեւ ծաղկում է, ինչպես նաեւ կոնկրետ մեղադրանքներ են ներկայացվել բարձրաստիճան պաշտոնյաներին։

  25. Կառավարության գործունեության արդյունքում օրենքի առջև արտոնյալներ չկան։
    Իրականությունը․ Այդ ո՞ր գործունեության եւ ի՞նչ արտոնյալների մասին է խոսքը, որ հիմա չկան։ Պարզապես պոպուլիստական պնդում։
  26. ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ։

    Իրականությունը․ Սա կեղծիքների գագաթնակետն է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը թերեւս բավական է, որ նման պնդումը համարվի կեղծիք։

  27. ԱԺ և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ։

    Իրականությունը․ Մանկամտություն է սա որպես նվաճում ներկայացնելը։

  28. Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային՝ ի հեճուկս հեղափոխությունից առաջ ընդունված օրենքի, ըստ որի՝ պետք է դրանք լինեին դռնփակ։
    Իրականությունը․ Սա դրական քայլ է։ Իրականում, սակայն, կառավարության նիստը դռնփակ է եղել ընդամենը մեկ անգամ։
  29. Սկսվել է նախարարությունների թվի կրճատման գործընթաց։
    Իրականությունը․ Արդյունքում գործազորւկ կդառնա մոտ 10 հազար մարդ։ Իսկապես որ «ձեռքբերում»։
  30. ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ-ում ընդդիմությանն առաջադրվել է թեկնածուներ ներկայացնելու քվոտա։
    Իրականությունը․ Փոփոխված սահմանադրության ընձեռնած հնարավորոթյուն։
  31. 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15513-ով գերազանցել է մեկնածների թվին։
    Իրականությունը․ Համառորեն կրկնվող սուտ։ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2018 թ․-ի եղել է 2 մլն 972 հազար մարդ, 2019 թ․-ի հունվարի 1-ին՝ 2 մլն 965 հազար մարդ։ Մեկնածների թիվն է գերազանցել ժամանածներին, որի հետեւանքով բնակչության թիվը կրճատվել է մոտ 7 հազարով։
  32. Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցնիշը գերազանցել է 5 տոկոսով, ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով։
    Իրականությունը․ Ի՞նչ կապ ունի այս ցուցանիշի հետ կառավարությունը։
  33. Տնտեսական մենաշնորհները վերացված են։ 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 38 տոկոս նախկին 57-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 29 տոկոս, նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի դեպքում 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն։
    Իրականությունը․ Տնտեսական մենաշնորհները չեն վերացել։ Ավելին, դրանք օրենքով արգելված չեն Հայաստանում, իսկ նման դիրք ունեցողների տեսակարար մասնաբաժինները շուկայում տարեց տարի սկսել է նվազել, որն էլ արդյունք է Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու։
  34. Լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը։
    Իրականում սա ևս դրական քայլ է, եթե իրապես կատարվել է նման բան։
  35. Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։
    Իրականությունը․ դարձյալ կեղծիք։ Այս իշխանության օրոք քանդվել է մշակութային հուշարձան համարվող կրթության եւ գիտության նախարարության շենքի ճակատային մասը, որի դեմ նախկին ակտիվիստներից ոչ ոք այս անգամ բողոքի ցույց չարեց։
  36. 2018 թվականին ՀՀ-ում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր։ Սրա հետ կառավարությունը կապ չունի, պարզապես երկրում սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել։

    Իրականությունը․ Սպանությունների պակասը նոր կառավարության հետ կարող է կապ ունենալ միայն մի դեպքում՝ եթե իրենք դադարել են սպանել։ Այլապես կառավարությունն այստեղ ոչինչ չի արել։

  37. 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մարտ բանկային համակարգի ցուցանիշներն աճել են հետևյալ չափերով․ ակտիվները 15,7 տոկոսով, պարտավորությունները 17,4 տոկոսով, կապիտալը 7,4 տոկոսով, վարկերը 16 տոկոսով, ավանդները 11,8 տոկոսով։
    Իրականությունը․ Բանկային համակարգը բոլոր տարիներին է աճի ցուցանիշներ ունեցել։ Այլ բան է, որ անցյալ տարի գումարների ահռելի արտահոսք եղավ բանկերից «թավշյա» հեղափոխության պատճառով, որը հետագայում մասամբ վերակագնվեց, իսկ այս տարվա մարտին բանկային ավանդները վերջին տարիների մեջ առաջին անգամ նվազում արձանագրեցին նախորդ ամսվա համեմատ։
  38. Ազգային հիփոթեքային ընկերության և բնակարան երիտասարդներին հիփոթեքային ծրագրերում իրականացված փոփոխությունների արդյունքում 2018 թվականին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 27 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցնիշը, իսկ միջին կշռված ցուցանիշները նվազել են 1,3 տոկոսով՝ տատանվելով 10,5 տոկոսի շուրջ։
    Իրականությունը․ Եվ ի՞նչ։ վարկերի ծավալների ավելացման եւ տոկոսների նվազման գործընթաց է տեղի ունենում ամեն տարի եւ սա նոր բան չէ։
  39. Բնապահպանության նախարարության կողմի անտառահատումները նվազեցնելու նպատակով անտառամերձ համայնքներում մոտ 15 հազար ընտանիքի անվճար բաժանվել է 102 հազար խ/մ թափուկ, 1200 խ/մ վառելափայտ, 70 տոննա վառելիքային բրիկետ՝ էներգախնայող վառարաններ։
    Իրականությունը․ Բնապահպանության փոխնախարարի մակարդակի խնդիր, որի հավաստիությունը գործնականում անհնար է ստուգել։
  40. ԵՄ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը։
    Իրականությունը․ Փորձագետները փաստում են որ այս ոլորտում կանգային վիճակ է եւ չկա ոչ մի առաջընթաց։
  41. Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է ՀՀ և ՀԲ միջև 2019-22 թվականների համագործակցության փաստաթուղթը, որով 500 մլն ԱՄՆ դոլար ծավալի՝ տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակ է հաստատվել։
    Իրականությունը․ Սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին պարտքը կավելանա եւս 500 մլն դոլարով։
  42. ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելանշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Հատուկ դեպքերն այն է, երբ ինչ-որ տեղից ուշանում է և այլն։
    Իրականությունը․ Համացանցում տարածվել էր վարչապետի ավտոշարասյան կողմից ճանապարհատրանսպորտային կանոնների կոպիտ խախտման տեսանյութը, որտեղ հատվում էր հոծ հաստ գիծը դրա համար չնախատեսված տեղում։ Ցանկացած նման դեպք կարելի է անվանել հատուկ դեպք եւ ստել, որ մնացած այլ դեպքերում խախտում թույլ չի տրվում։
  43. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, վերահաստատվեց, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն, ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղությանն ուղղված հանգուցալուծման գործընթացում։
    Իրականություն․ Արցախի ներգրավվածության մասին ըստ էության պոպուլիստաիան հայտարարությունը դեռ շարունակում մնալ որպես հայտարարություն։
  44. Կադրային բանկի ձևավորման արդյունքում նշանակվել են փոխնախարար, վարչապետի խորհրդական, վարչապետի և փոխվարչապետի օգնականներ, ջրպետկոմի ղեկավար, սոցիալական ապահովության ծառայության պետ։

    Իրականությունը․ 5 պատոնյա՝ 2000 հայտից։ Փաստ է, որ պետական բարձրաստիճան պաշտոնները շարունակում են համալրվել բացառապես «սեփական» մարդկանցով՝ բարեկամ, հարազատ, ընկեր, կուսակցական եւ այլն։

  45. Ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 239-ով։
    Իրականությունը․ Վարչապետ Հովիկ Աբարահամյանի օրոք պետական ծառայողական մեքենաների թիվը կրճատվել էր ավելի քան 1000-ով։ Կարեն Կարապետյանի օրոեք եւս այդ գործընթացը շարունակվել է։
  46. ՊԵԿ-ին 2018 թվականին ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագիր են ներկայացրել 6323 քաղաքացի՝ նախորդ տարվա 3021-ի դիմաց։ Երգիչների թվում են Արամեն, Սարոն, Մարտին Մկրտչյանը։
    Իրականությունը․ Ստվերային տնտեսությունը գրեթե չի նվազել։
  47.  2018 թվականի մասյիսից մինչ օր բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով հարուցվել է 1446 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառած ընդհանուր վնասը կազմել է 89,3 մլրդ դրամ։ Արդեն 32 մլրդ դրամը վերականգնվել է։
    Իրականությունը․ Պետական բյուջեի ցուցանիշներ մեջ այս թվերը չեն երեւում։ Բացի դրանից, եթե չլինեին բիզնեսի նկատմամբ ռեպրեսիվ գործողությունները եւ եթե պահպանվեր նախորդ տարվա առաջին երեք ամիսների շուրջ 10 տոկոս տնտեսական աճը, պետական բյուջեն լրացուցիչ կստանար ավելի քան 50 մլրդ դրամ՝ առանց ստվերից դուրս բերված գումարների՝ միայն տնտեսական աճի շնորհիվ։ Նիկոլ Փաշինյանի նշած փաստը իրականում վկայում է բյուջեի եկամուտներին հասցված մեծ վնասի մասին։
  48. Սկսվել է հանրային տարածքների վերդարձի գործընթաց, մասնավորապես՝ Երևանի Ազատության հրապարակին հարակից տարածքում և Օղակաձև զբոսայգում։
    Իրականությունը․ Քանդվել են երեք սրճարաններ, չորրորդի մասով ընթանում է դատական գործընթաց։ Կանաչապատում չի իրականացվել նշված տարածքներում, իսկ քանդման հետեւանքով գործազուրկ է դարձել ավելի քան 200 մարդ։
  49. Հայաստանի մասնագետները՝ ականազերծողներ և բժիշկներ, հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում։
    Իրականությունը․ Վիճելի որոշում։
  50. Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լևոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը Գյումրիում կառուցելու համար։

    Իրականություն․ Հայաստանում մեկը մյուսի հետեւից փակվում են շախմատի դպրոցները։

     

Թերեւս ամփոփ այսքանը։ Թե ինչ բացասական հետեւանքներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավրման մեկ տարին Հայաստանի համար, բազմիցս ենք անդրադարձել և այսպես շարունակվելու դեպքում, ցավոք, հնարավորություն չենք ունենա դադար առնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել