Այս վերջին մի քանի օրն ուշադրություն եմ դարձրել Ֆեյսբուքում տարբեր մարդկանց կողմից կատարվող գրառություններին։ Հասարակ առօրյա լեքսիկոնը դժվար թե հերիքի բոլոր մտքերն արտահայտելու համար, բայց սահմանները չեմ անցնի։ 

Իրականում տեղի է ունենում սարսափելի մի բան. շատ լուրջ թափով գնում է Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու գործընթացը, որին, ցավոք, բավականին լուրջ մասնակից են դառնում ոչ միայն ֆեյքերի ավանդական բանակը, այլև ռեալ մարդիկ։ 

Ինչ-որ բան այն չէ... Իրոք դժվարությամբ եմ հավատում աչքերիս։ Փորձում եմ հասկանալ նպատակը և ինչքան խորանում, այդքան սարսափում եմ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր է այս ամենը գնում։ Մենք շատ արագ մոտենում ենք անվերադառնալի կետին (point of no return), ինչից հետո մենք հայտնվելու ենք անելանելի վիճակում։ 
Հային հայի՞ց եք խրտնացնում։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք գրում և խոսում։ Ղարաբաղյան փառահեղ հաղթանակը Ղարաբաղինը չէ, Հայաստանինը չէ, այլ ողջ հայությանն է։ Հարյուրամյակներ մենք՝ որպես հայեր, չենք ունեցել հաղթանակներ, և եղավ անհնարինը՝ մենք հաղթեցինք։ Իսկ ի՞նչ ենք անում հիմա։ Մեր ձեռքով քանդում ենք այն ամենը, ինչ պարծանքի և հպարտության օջախ է մեզ համար։ 

«Գնացեք հետ ձեր Ղարաբաղը»․ ամենից շատ տեսածս գրառումներից է։ Դե արի ու մի ասա՝ իա, իրո՞ք։ Ղարաբաղը մերն է, բոլորինս, և այլ կերպ մտածողները չունեն այս երկրում ապրելու իրավունք։ Նույնիսկ հայ կոչվելու իրավունք չունեն։ Փորձեք գտնել այդ մարդկանց և ազերիների մեջ, բացառությամբ կրոնի, որևէ այլ տարբերություն։ Կարծում եմ՝ կդժվարանք։ Այն ամենը, ինչի մասին երազում էր Ալիև հայրը, դառնում է իրականություն։ Ուղղակի հավատս չի գալիս, որ մենք դրա ականատեսն ենք։ Իսկ ի՞նչ ենք անելու հետո, Իջևա՞նն ենք տարանջելու Հայաստանից, հետո Գյումրի՞ն։ Ձեր ֆինանսական իմպոտենցիան կապելով Հայաստանի այս կամ այն նախագահի կամ որևէ պաշտոնյայի հետ՝ դուք ուղղակի ձեզ համար եք արդարացում ստեղծում։ Սաշիկը պրծավ, հիմա էլ ղարաբաղցիներն են մեղավոր, որ ձեր սոցիալական վիճակը վատ է։ Վաղը ո՞վ է մեղավոր լինելու: Լավ, վերջը հասնելու եք, չէ՞, մի պարզ գաղափարի՝ մեղավորը ես եմ։ Բայց հիշեք՝ ինչքան ուշ հասնեք, այդքան էլ ավելի վատ է լինելու ձեր վիճակը։ 

Դատում են Արցախի հերոսին, ուրախանում եք, դատում են պատերազմը հաղթած նախագահին, ուրախանում եք, ամեն ձև վարկաբեկում են Արցախի բանակը ստեղծած մարդու ընտանիքը, ուրախանում եք, երեխաներին 5 տարեկանում սեռական կյանք են ուզում սովորեցնեն, ուրախանում եք։ Եվ գիտեք՝ ամենացավալին որն է․ ձեզ ուղղակի օգտագործում են, իսկ դուք չեք հասկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել