Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը: Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում գրված և չգրված բազմաթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական և քաղաքական դիվերսիաներ կազմակերպող մեր թշնամիները:

Իշխանության ղեկը զավթած, այդ փաստից հարբած ու կուրացած և «հազիվ ընկել է ձեռներս, տեսեք՝ ինչ եք անում» սկզբունքով առաջնորդվողների կազմակերպած դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները հերթով հօդս են ցնդում:

Այս մարդկային և քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը՝ տղամարդկությունն ընդդեմ վախկոտության, բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության:

Ինչ-որ մեկի չար ուղեղում յուր հանգրվանը չգտնող մաղձը մեթոդաբար փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ՝ որպես ժողովրդի, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները, ու սա անում է մեր իսկ ձեռքերով՝ ջանքեր գործադրելով միացնելու ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ:

Այդ մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ:
Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել