Մարու անունով գաճաճ պուդելը ծառայության է անցել Ճապոնիայի կենտրոնական Սիգա պրեֆեկտուրայի ոստիկանությունում։ Ինչպես գրել է Asahi թերթը, իրավապահները նկատել են, որ փոքրամարմին պուդելը լավ «խուզարկու» ոստիկան դառնալու հնարավորություններ ունի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տերերը կենդանու «դժվար» բնավորության պատճառով որոշել են դաստիարակչական նպատակներով մեկամյա պուդելին շների հատուկ դպրոց հանձնել։

Այստեղ Մարուն աշխատակիցներին զարմացրել է բացառիկ հոտառությամբ։

«Ես զգացի, որ Մարուն անհրաժեշտ հատկանիշներն ունի ոստիկանական շուն դառնալու համար»,- ասել է կինոլոգ Իձուկա Տակահատան։ 2017-ից նա սկսել է պուդելին պատրաստել իրավապահ մարմիններում աշխատելու համար։ Մարզումների շնորհիվ 2019-ին Մարուն կարողացել է առաջին փորձից հանձնել ոստիկանական քննությունը։

«Խոշոր շների համեմատ Մարուն պակաս նկատելի է, և քչերը կվախենան նրանից․ դե, ո՞վ կվախենա փոքրիկ պուդելից։ Դրա համար էլ նման շան համար ավելի հեշտ է թաքնված մնալ ոստիկանական գործողության ժամանակ»,- պարբերականին բացատրել է Տակահատան։ Նա ավելացրել է, որ պուդելի մռութը նրա կարճ հասակի պատճառով հողին ավելի մոտիկ է, հետևաբար, նա ավելի լավ է հոտոտում տարածքն ու հանցանշաններ փնտրում։ Բացի այդ՝ Մարուն չի զիջում մյուս շներին դիմացկունության և ծառայական պարտականությունների կատարման հարցերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել