Yerkir.am-ը գրում է.

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության՝ Իրաքում ԱՄՆ դիվանագիտական առաքելության տարհանման մասին հայտարարությանը. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունն ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը դիտարկել է այդ երկրի՝ հակաիրանական տեղեկատվական-հոգեբանական պատերազմի համատեքստում, որը հիմնված է իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիայի վրա եւ նոր հակամարտություն հրահրելու նպատակ է հետապնդում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Իրանը ոչ մեկի համար սպառնալիք չէ` ո՛չ Իրաքում, ո՛չ այլուր, եւ չի պատրաստվում հարձակվել որեւէ վայրի վրա: Պատմության վկայությամբ` Իրանի գործողությունները բացառապես ուղղված են սեփական անվտանգության ապահովմանը, չեն ունեցել եւ չունեն որեւէ երկրի դեմ ռազմավարական ագրեսիայի բնույթ: Իրանի ժողովուրդը երբեւէ չի հանձնվի այս նոր հոգեբանական պատերազմին»:

Հիշեցնենք որ, ԱՄՆ պետքարտուղարությունը վտանգի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակն է սահմանել Իրաքում եւ հրահանգել ամերիկացի ծառայողներին հեռացնել Բաղդադի դեսպանատնից ու Էրբիլի հյուպատոսությունից: Պետդեպը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին` չուղեւորվել այդ երկիր ահաբեկչության, մարդկանց առեւանգման եւ զինված հակամարտության վտանգի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել