Մայիսի 14-ին հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվեցին GALLUP-ի հերթական հարցման արդյունքների տվյալները, համաձայն որոնց՝ իբրև թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական ռեյտինգը 70 տոկոս է, իսկ եթե ԱԺ ընտրությունները կայանային հիմա, ապա ՔՊ-ին ձայն կտար հարցվածների 60 տոկոսը։ Հավելեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ վարչապետը գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել՝ լրագրողներին հայտարարելով, որ իր ղեկավարած իշխանության վարկանիշը ոչ միայն չի նվազել անցյալ տարվա դեկտեմբերի ընտրություններից հետո, այլև բարձրացել է։ Ու հանկարծ պարոն Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդեց GALLUP-ի հարցման արդյունքների հրապարակումը։ Երբևէ չեմ հավատացել Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալներին, քանի որ դրանք միշտ չեն համապատասխանել հասարակական իրական կարծիքին։ 

Ժամանակին իշխանություններն օգտվում էին տեղացի, օրինակ՝ Ահարոն Ադիբեկյանի նման սոցիոլոգների ծառայություններից, որոնց արդյունքում պարոն Ադիբեկյանին սկսեցին անվանել «Սուդիբեկյան», իսկ նրա հարցումների արդյունքներին գրեթե ոչ ոք չէր հավատում։ Զավեշտալին այն էր, որ համապետական ընտրություններից առաջ պարոն Ադիբեկյանին հաջողվում էր 1-2 տոկոս անճշտությամբ «գուշակել» ընտրությունների արդյունքները՝ կասկածներ հարուցելով, որ նա լավ տեղյակ էր, թե որ քաղաքական ուժը 10-15 հազար դրամով որքան ձայն է գնելու ընտրությունների ժամանակ։ Ադիբեկյանի ինքնափչանալուց հետո, որին ժողովուրդը էլ չէր հավատում, իշխանությունները որոշեցին օգտվել «իմպորտնի» սոցիոլոգների ծառայություններից և կանգ առան GALLUP-ի վրա, որը 2017 թ․-ի ապրիլին տեղի ունեցած հերթական ԱԺ ընտրությունների ժամանակ կանխատեսել էր ՀՀԿ-ի փառահեղ հաղթանակը, ինչը և մասսայական ընտրակաշառք բաժանելու շնորհիվ տեղի ունեցավ։ GALLUP-ն Ադիբեկյանի նման ընտրակաշառքի շնորհիվ ընտրվելիք ԱԺ-ի պատկերը լավ ներկայացրեց։ 2017 թ․-ի Փաշինյանի այն թիմակիցները, որոնք հորդորում էին ժողորդին չհավատալ իշխանությունների կողմից կաշառված և գնված GALLUP-ի արդյունքներին և հեգնում էին այդ կազմակերպությանը, հիմա ակտիվորեն տարածում են GALLUP-ի հրապարակած կասկածելի տվյալներն իրենց կուսակցության և լիդերի մասին և հրճվում են։ Որքան հասկանում ենք, նախորդ իշխանություններից ժառանգած վատ ավանդույթները շարունակվում են՝ վիճակագրական կեղծ կամ կասկածելի տվյալներով հասարակության հետ խոսելը, հարցումների անտրամաբանական տվյալներով հասարակությանը կերակրելը, քավոր-սանիկական աշխատաոճը և այլն։ 

Հ.Գ. Ի դեպ, 2018 թ․-ի սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ սեպտեմբերի 21-ին, նույն GALLUP-ի հարցումների համաձայն «Իմ քայլը» դաշինքը պետք է հավաքեր 60,6 տոկոս ձայն, բայց ընտրություններին վերջինս ստացավ ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 81,08 տոկոսը։ Որևէ լուրջ սոցիոլոգիական կազմակերպություն այսպիսի խայտառակ անճշտությունից հետո կամ կփակվեր, կամ էլ ներողություն կխնդրեր։ 

Իմ կարծիքով՝ հիմա էլ GALLUP-ը սխալվել ու այս անգամ 20 տոկոս նվիրել է գործող իշխանություններին։ Այս ամենը կոչվում է սոցիոլոգիական մանիպուլյացիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել