«Песни 2» նախագծի ամենավառ ներկայացուցիչներ Կարինա EVN-ը և Ռոման Կագրամանովը Հայաստանում են, և այսօր Առնո Բաբաջանյանի համերգասրահում ներկայանալու են բարեգործական համերգով, իսկ վաղը զույգը ելույթ կունենա «Սաֆ» ակումբում, որտեղ կկայանա նրանց համատեղ դուետի պրեմիերան: Կարինա EVN-ին և Ռոմանին հետևում են հազարավոր հայեր, ովքեր շատ լավ ծանոթ են նրանց գործունեությանը, իսկ մինչ համերգը նրանք պատասխանել են BlogNews.am-ի հարցերին:

Կարինան նշում է, որ «Песни» նախագծի առաջին եթերաշրջանը նայելուց հետո շատ է հավանել այն և որոշել հաջորդին մասնակցել. «Նախագծում ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ էր կազմակերպված, և ինձ դուր էր գալիս, որ ներկայացնում էին հեղինակային երգեր: Ես էլ որոշեցի մասնակցել, որպեսզի իմ հեղինակային երգերը ներկայացնեմ»:

Ռոմանը նշում է, որ առաջին եթեթրաշրջանին ևս մասնակցության հայտ է ներկայացրել. «Ամբողջ մեկ տարի ես պատրաստվել էի այդ մրցույթին, ավելի ակտիվ սկսեցի պահել իմ Ինստագրամը, հումորային կարճ վիդեոներ ներկայացնել և ավելի կենտրոնացա հումորի վրա: Բայց երբ տեսա, որ հայտարարել են երկրորդ եթերաշրջանի քասթինգը, որոշեցի հիշեցնել մարդկանց, որ հեղինակային երգեր եմ գրում, որոնք կատարում եմ: Նախագծին մասնակցեցի, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ միայն հումորով չեմ զբաղվում, այլ գրում եմ երգեր և ելույթ ունենում իմ հեղինակային երգերով»:  

Թե՛ Կարինան և թե՛ Ռոմանը նախագծի ամենավառ կերպարներից էին, նրանց ելույթները շատ սիրված և սպասված էին: Նախագծի ամենաէպիկ պահերից մեկն էլ այն էր, երբ Կարինան որոշեց հանել կեղծամը. «Ինստագրամում շատ էին գրում, որ իմ հոնքերն արհեստական են, և որ ես կեղծամ եմ կրում: Մայրս երբ կարդում էր այդ մեկնաբանությունները, զայրանում էր, և մի օր ես պարզապես որոշեցի ներկայանալ այնպիսին, ինչպիսին որ կամ: Հանեցի կեղծամս, լուսանկարվեցի և տեղադրեցի Ինստագրամում և պատմեցի իմ հիվանդության մասին: Այդ ամենից հետո թեթևություն զգացի: Ես մտածում էի, որ կլինեն բացասական մեկնաբանություններ, բայց, ի զարմանս ինձ, բոլորը դրական էին։ Իմ հետևորդները գրում էի, որ նրանց համար միևնույնն է իմ արտաքին տեսքը, քանի որ սիրում են ինձ իմ երգերի համար»:

Ռոմանը պատմեց, որ վաղուց էր հետևում Կարինային` որպես լավ վոկալային տվյալներով օժտված երգչուհու։ Նրանք ծանոթացել են Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ. «Հետո հանդիպեցինք «Песни 2» նախագծում, իրար շատ էինք քաջալերում: Հետո Կարինան առաջարկեց, որ նկարահանվեմ նրա «Иди со мной» տեսահոլովակում։ Դրանից հետո մենք քննարկեցինք մեր համատեղ դուետի մանրամասները»:

Կարինա EVN-ը և Ռոմանը ներկայացնում են նոր` «Ритм» երգը, որի հեղինակները հենց իրենք են: Հիշեցնենք, որ նրանք արդեն համերգներ ունեցել են Արցախում, իսկ այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում մուտքը կլինի ազատ:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել