Շատ երկրներում պատերը վերածում են հայտնի տեսարժան վայրերի, որոնք գրավում են զբոսաշրջիկներին: Ահա թե որոնք են դրանցից ամենահայտնիներն ու հետաքրքիրները:

Մաստակի պատ Սիեթլում (ԱՄՆ)

Աիեթլում գտնվող մաստակի պատը, որն իրականում Մարկետ թատրոնի պատն է, ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղի բնակիչների ամենասիրելի տեսարժան վայրերից մեկն է: Թատրոնի պատին մաստակ փակցնել 1993-ից ի վեր սկսել են այն ձանձրացած հանդիսատեսները, որոնք հերթի մեջ սպասում էին տոմս գնելուն: Չնայած թատրոնի աշխատակիցների ջանքերին՝ պատը «զարդարելը» ավանդույթ դարձավ: Մաստակներվ սկսեցին պատել ոչ միայն այդ պատը, այլ նաև հարակից կառույցները: 2015-ին իշխանությունները մաքրեցին պատը, քանի որ մաստակի հաստ շերտը քայքայում էր աղյուսե պատը: Դրանից հետո ավանդույթը վերսկսվեց:

Խաղաղության պատեր Բելֆաստում (Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա)

Այս պատերը սկսել են «ի հայտ գալ» 1969-ից, որպեսզի առանձնացնեն կաթոլիկների բնակավայրերը բողոքականների բնակավայրերից: XX դարի երկրորդ կեսին այս երկու համայնքների մեջ հաճախակի հակասություններ էին տեղի ունենում: Պատի կառուցման համար օգտագործվում էին աղյուս ու երկաթ: Դրանց վրա կային դարպասներ, որոնք փակվում էին գիշերը և հսկվում էին իրավապահ մարմինների կողմից: Այսօր նման պատեր հանդիպում են նաև հյուսիսիռլանդական որոշ քաղաքներում, առավելապես՝ Բելֆաստում:

Սիրո պատ Փարիզում (Ֆրանսիա)

Փարիզն աշխարհին հայտնի է որպես սիրահարվածների քաղաք, սակայն քչերը գիտեն, որ 2000 թ. այնտեղ ստեղծվեց ևս մեկ ռոմանտիկ տեսարժան վայր՝ Սիրո պատը: Այն գտնվում է Մոնմարտրում և կազմված է 612 էմալապատ մուգ կապույտ սալիկներից, որոնց վրա 250 լեզուներով մի քանի հարյուր անգամ գրված է․ «Ես քեզ սիրում եմ»: Բացի դրանից՝ պատի  վրա կարելի է նկատել նաև կարմիր կոտրված սրտեր: Պատը ստեղծվել է նկարիչներ Ֆեդերիկ Բարոնի և Կլեր Կիտոյի շնորհիվ: Համարվում է, որ այն օգնում է գտնել սիրուն: Դրա համար անհրաժեշտ է պատի վրա գտնել քո լեզվով գրված «Ես քեզ սիրում եմ»-ը, դրա վրա դնել ձեռքը և աչքերը փակելով՝ սեր երազել:

Վիկտոր Ցոյի պատը Մոսկվայում (Ռուսաստան)

Այս տեսարժան վայրն ի հայտ եկավ «Կինո» ռոք խմբի հայտնի առաջնորդի մահից հետո՝ 1990 թ.: Ի սկզբանե Կրիվոարբաթյան նրբանցքի պատի վրա գրություն հայտնվեց, որը հայտնում էր երաժշտի մահվան մասին, սակայն որոշ ժամանակ անց մեկ այլ մարդ պատասխան էր թողել. «Ցոյն ապրում է»: Դրանից հետո պատը պատվեց գրաֆիտիներով, որոնցից շատերը հայտնի երաժշտի հետ կապ չունեին: Դրա մոտ հաճախ հավաքվում են Ցոյի երկրպագուները:

Լացի պատ Երուսաղեմում (Իսրայել)

Լացի պատը ինչպես Իսրայելի, այնպես էլ ողջ աշխարհի ամենահայտնի կրոնական տեսարժան վայրերից մեկն է: Համարվում է, որ այն մնացել է մ.թ.ա. 70  թ. Երուսաղեմի տաճարի ավիրումից հետո, իսկ դրա անվանումը կապված է հրեական սովորույթի հետ՝ մոտենալ պատին՝ սրբատեղու ավիրումը ողբալու համար: Զբոսաշրջիկները պատի քարերի արանքում աղոթքներով ու խնդրանքներով գրառումներ են թողնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել