Յուրաքանչյուր 30 վայրկյանում զարգացող երկրներում մեկ մարդ է մահանում պլաստիկե աղտոտման հետևանքով: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի շարք կազմակերպությունների կատարած հետազոտությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հետազոտողների զեկույցում նշվում է, որ թափոնների և պլաստիկի աղբանոցների մերձակայքում բնակվելու հետևանքով առաջացած հիվանդություններից տարեկան մահանում է մինչեւ 1 մլն մարդ: Այդ հիվանդություններին թվում հետազոտողները նշում են քաղցկեղը, մալարիան և դիարեան:

Ուսումնասիրության հեղինակները կոչ են անում այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են՝ Coca-Cola-ն, Nestle-ն, PepsiCo-ն և Unilever-ը, մինչև 2025 թվականը կրկնակի կրճատել այն պլաստիկի քանակությունը, որը նրանք տարածում են զարգացող երկրներում:

Հետազոտությանը մասնակցել են Tearfund օգնության և զարգացման միջազգային գործակալությունը, զարգացման ուսումնասիրման բրիտանական ինստիտուտը, ինչպես նաև WasteAid և Fauna & Flora International (FFI) կազմակերպությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել