12:32

Դատավոր Գրիգորյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

12:30

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նախնական դատական նիստը, որտեղ բացառապես քննարկվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող հարցը:

12:11

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դռները քիչ առաջ բացվեցին, շուտով կմեկնարկի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը։

Այս պահին նիստերի դահլիճ մուտք են գործել միայն լրագրողները, իսկ Ռոբերտ Քոչարյանին դեմ ու կողմ անձինք դեռևս դրսում են։

Ռոբերտ Քոչարյանին դեմ արտահայտվողները հայտարարում են, որ նախորդ նիստին իրենց թույլ չեն տվել ներկա գտնվել, և նիստերի դահլիճում ներկա են եղել միայն Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանք պնդում են, որ այս անգամ պետք է պարտադիր ներկա գտնվեն նիստերին։

Նիստերին ներկա գտնվելու պահանջ ունեն նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Դատարանի դահլիճում է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:

12։03

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հանուն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիաներ են ընթանում. այս անգամ ՀՀ 2-րդ նախագահի նախնական դատական նիստերին մասնակցելու են եկել ոչ միայն նրա աջակիցները, այլև նրան դատապարտել պահանջողները։ 

Ռոբերտ Քոչարյանի դատապարտել պահանջող անձինք իրենց հետ բերել են պաստառներ՝ «Ցմահ» գրությամբ։ Ըստ նրանց՝ Ռոբերտ Քոչարյանն աջակիցների իրական թիմ չունի։ Ավելին՝ պնդում են, որ նրանց գումար է բաժանվել։ 

«Առավոտյան, որ եկա այստեղ, մի հոգու ձեռքին մոտ 15 անձնագիր կար ու նույնքան նույնականացման քարտ։ Հարցրի՝ բա ինչի՞ է ձեր անձնագրերը մեկի ձեռքին, մարդիկ ինձ կոպիտ պատասխանեցին, թե մեր անձնագիրն է, մենք ենք տվել»,- պատմեց Ռոբերտ Քոչարյանի դեմ ցույց անողներից մեկը։ 

Սակայն Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հերքում են այս տեղեկությունները։ «Մարդիկ, ի՞նչ է, տրամաբանություն չունե՞ն։ Ինչի՞ պիտի իրենց անձնագրերը տան մեզ։ Հիմա, որ Ձեզ ասեմ՝ անձնագիրդ տուր ինձ, կտա՞ս, չե՞ս տա, չէ՞։ Իսկ գումար բաժանելու պահով էլ ասեմ, որ իրենք ենք այստեղ գումարով եկել»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանին սատարող ցուցարարը։ 

Վերջինս նաև կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիա անողներն այն մարդիկ են, որոնք մասնակցում են տարբեր ակցիաների՝ անկախ թեմաներից։


11։33


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Վարդան Գրիգորյանի նախագահությամբ երեկ մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նախնական դատական նիստը, որտեղ բացառապես քննարկվելու էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող հարցը:

Նշենք, որ «Մարտի 1-ի» գործից ՀՀ նախկին պաշտոնյաներին վերաբերող մասն առանձնացվել և ուղարկվել է դատարան, գործն ընդունվել է դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթ:

«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով մեղադրյալ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ, մյուս ամբաստանյալը 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է  սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ, մյուս ամբաստանյալը   2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանն է, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, նույն մեղադրանք է առաջադրված նաև Յուրի Խաչատուրովին, ով 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալն էր:

Երեկվա նիստին մեղադրանքը պաշտպանելու էր եկել 4 դատախազ` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը, դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը:

Արթուր Դավթյանը դատարան եկավ դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով, որին դատարանում անդրադարձան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները և այդ ու այլ հիմքերով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Վարդան Գրիգորյանին:

Դատարանը խորհրդակցական սենյակում է, որտեղից կվերադառնա և որոշումը կհայտնի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ: Նշենք, որ մեղադրող կողմն առարկել է միջնորդությանը:

Ինչ վերաբերում է միայն Ռոբերտ Քոչարյանի դատարան ներկայանալուն և մյուս կողմերին չծանուցելուն, դատարանը երեկ հայտնեց, որ քանի որ նախնական դատական նիստում քննարկվելու է բացառապես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, այդ պատճառով կողմերը չեն ծանուցվել, այնուամենայնիվ, դատարան էին ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ու Սեդա Սաֆարյանը: Դատական նիստի ողջ ընթացքում դատարանի բակում էին գտնվում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել