Shamshyan.com-ը գրում է.

Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում բնակվող Սահակյանների 5 հոգանոց ընտանիքը 1 շաբաթից ավելի է՝ զրկվել է տանիքից, բառի ուղիղ իմաստով՝ մնացել բաց երկնքի տակ: Ամուսինն ու կինը մեքենայի մեջ են քնում, ընտանիքի մյուս անդամները՝ առայժմ հարազատների ու հարեւանների տանը: Այդպես երկար չի կարող շարունակվել, բայց ընտանիքը ոչ մնալու համար այլ տեղ ունի, ոչ էլ գումար՝ ավերված տունը նորոգելու համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 88-ի երկրաշարժից հետո Հնաբերդ գյուղում 6 տուն 4-րդ կարգի վթարային է համարվել: Երեքի բնակիչները միայնակ ծերեր են եղել, նրանք գումարային փոխհատուցում են ստացել՝ 3-ական միլիոն դրամ: Մյուս 3 ընտանիքներին խոստացել են նոր տուն կառուցել: 2012-ին վերջապես տների կառուցման որոշումը կառավարությունն ընդունել է, նախագիծը հաստատել: Վթարային տներում ապրող 3 ընտանիքներն ուրախացել են՝ կարծելով, թե վերջապես տուն կունենան, սակայն առ այսօր շինարարությունը չի սկսվել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արտավազդ Սահակյանն ասում էր. «Վերջին 5 տարում ամեն օր սպասում էին, որ իրենց տունն ուր որ է՝ փուլ կգա: Պատերի ճաքերից հեռու էին մնում: Հիմա փառք են տալիս Աստծուն, որ տան քանդվելուց ոչ ոք չի տուժել, բայց կառավարության ուշադրություն են հրավիրում ոչ միայն իրենց, այլեւ նույն կարգավիճակում հայտնված գյուղի մյուս 2 ընտանիքների վրա: Ի դեպ, Հնաբերդի գյուղի մեկ այլ ընտանիք արդեն 5 տարի է՝ իր տնից դուրս է եկել: Ասում են, տունն ահավոր վիճակում էր: Գյուղապետարանը նրանց ժամանակավորես ուրիշի տանն է տեղավորել: Սակայն տան տերերը աշնանը վերադառնալու են, 88-ի երկրաշարժից տուժած ընտանիքը չգիտի, թե այդ ժամանակ որտեղ է մնալու»:

Տեսնելով, որ օր օրի վթարային տների պատերի ճաքերն ավելի են մեծանում, իսկ նոր տուն կառուցելու կառավարության որոշումը կարծես, թե չի իրագործվում, Հնաբերդի 3 ընտանիքների ներկայացուցիչները մոտ 10 օր առաջ գնացել են մարզպետարան՝ հիշեցրել իրենց խնդրի մասին: Մարզպետարանում պատասխանել են, որ ծրագիրն ընդունված է, բայց թե երբ կսկսի իրականացվել, չեն կարող ասել: Հնաբերդցիները խնդրում են, օր առաջ լուծել խնդիրը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել