The Reliance Industries-ը, որը պատկանում է Հնդկաստանի ամենահարուստ բնակչին՝ Մուքեշ Ամբանիին, ձեռք է բերել Hamleys խաղալիքների խանութների ցանցը, հաղորդում է The Guardian-ը: Գործարքի արժեքը մոտ 90 մլն դոլար է կազմել:

1760 թ.-ին հիմնադրված Hamleys ընկերությունը 2000-ականների սկզբին մի քանի սեփականատեր է փոխել: 2003 թ.-ին այն ձեռք է բերել Baugur իսլանդական ներդրումային խումբը, այնուհետև ցանցի սեփականատեր է դարձել ֆրանսիական Ludendo Groupe-ը: Վերջապես, 2015 թ.-ին Hamleys-ը 130 մլն դոլարով գնել է չինական C.banner-ը:

Չինական ընկերությունը փորձել է Hamleys-ը միջազգային բրենդ դարձնել, ինչը, սակայն, չի հաջողվել: Միայն 2017-ին C.banner-ը փակել կամ վաճառել է ապրանքանիշի խանութների զգալի մասը աշխարհի տարբեր երկրներում: Դրանց մի մասը ձեռք է բերել Reliance Industries-ը:

Հնդկական ընկերությունում հայտարարել են, որ Hamleys-ի հաջող զարգացման հույս ունեն` նկատի ունենալով այդ ցանցի զարգացման փորձը Հնդկաստանում:

Hamleys-ն աշխարհի ամենահին խաղալիքների խանութն է: Առաջին խանութը մինչ օրս գտնվում է Լոնդոնի Ռեգենտ-սթրիթ փողոցում: Այստեղից գնումներ է անում Մեծ Բրիտանիայի թագուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել