Shamshyan.com-ը գրում է.

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է մայիսի 10-ին Երևանի Սալարանջի փողոցից դեպի Ավետիսյան փողոց տանող հատվածում կամրջի վրայից մոտ 12 մ բարձրությունից ցած ընկած Mercedes-ի և Toyota-ի վարորդների ու վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Շահնազարյանը, ով Mercedes-ով բախվել էր ճամփեզրի բետոնե արգելպատնեշին, հետո երկաթե ճաղավանդակին, որից հետո կամրջից վայր էր ընկել և բախվել Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գեղամ Գասպարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Շահնազարյանը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինտիտուտ, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Նոյ Սիմոնյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի վարոդ Գ. Գասպարյանը՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 10-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 XV 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ Հաղթանակի 50-ամյակի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհի վրա՝ բախվելով Toyota Corolla մակնիշի 35 ZL 258 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների և օպերատիվորեն վթարի վայր ժամանած փրկարարների ու բժիշկների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները: Երթևեկությունը նշված հատվածում ժամականավորապես դադարեցվել էր, որպեսզի տեղում աշխատեին հրշեջները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր էր ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ բախման հետևանքով Mercedes-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, ավտոմեքենայի վրայից էլ պոկվել ու շպրտվել էր գազաբալոնը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել