168.am-ը գրում է.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է «Երևան սիթի» առևտրի ցանցում մի շարք ապրանքատեսակների իրացման գների դիտանցման ցուցանիշներն անցած տարվա ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում:

Ուշագրավ են «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից ներկրվող ապրանքների գների փոփոխությունները, որոնք, ի դեպ, տեղի են ունեցել անցած տարվա ապրիլից հետո: Այսպես՝ շաքարավազն այս ընթացքում էժանացել է 18.8%-ով՝ 338 դրամից դառնալով 269 դրամ: Թաիլանդական «Բեթեր վայթ» տեսակի բրինձն էժանացել է 24.8%-ով՝ 545 դրամից դառնալով 530 դրամ:

Նորզելանդական կարագն էժանացել է 6.3%-ով՝ 4430-ից դառնալով 3990 դրամ: Միաժամանակ «Ալեքս Հոլդինգի» կողմից ներկրվող երկու տեսակի ձեթերը՝ «Զոլոտայա սեմեչկա» և «Ավեդով», մեկ տարում թանկացել են համապատասխանաբար՝ 6.9% և 9.2%-ով՝ դառնալով 665 դրամ, թեև անցած տարի դեկտեմբերին դրանք 700-710 դրամ էին, այսինքն՝ դեկտեմբերի համեմատ՝ նաև այս ապրանքների գների որոշակի նվազում է եղել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՏՄՊՊՀ-ն ոչ թե պարզապես թվեր տվող, այլ գնահատական տվող կառույց է՝ գերիշխող դիրքի չարաշահում կա՞, թե՞ ոչ, քանի որ գների փոփոխության զուտ վիճակագրությամբ զբաղվում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

«Գնանկում դեռ չի նշանակում՝ դեմպինգ կամ նախկինում չարաշահում: Դա կախված է, թե նախկինում ինչ գնով է ձեռք բերվել տվյալ ապրանքը: Եվ ՏՄՊՊՀ-ն պետք է գնահատական տա՝ գերիշխող դիրքի չարաշահում եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Բ.Պիպոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել